«ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵՆ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սայաթ-Նովայի ծննդյան 100-ամյակի առթիվ տոնակատարությունները շարունակվում են, ու նաեւ այդ շրջանակներում մայիսի 19-ին՝ ժամը 11:30-ին, Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ կնշվի նրան նվիրված ավանդական Վարդատոնը:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, Վարդատոնը նվիրվում է Սայաթ-Նովային, իսկ առաջին անգամ այն տոնել են 1914թ. Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի եւ գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Եվ ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում մայիսի վերջին կիրակին նշվում է իբրեւ Սայաթ-Նովայի հիշատակի օր` Վարդատոն. «Սկսած 2005 թվականից` մայիսի նախավերջին կիրակին «Սայաթ-Նովա» մշակութային միությունը Վարդատոնը նշում է նաեւ Երեւանում»: Ելույթներ են ունենում գրողներ, աշուղներ, արվեստագետներ: Արարողությունն ավարտվում է ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի եւ գեղարվեստական խմբերի համերգային ծրագրով:
Իսկ արդեն Վարդատոնին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ պարոն Պողոսյանը մասնավորապես ասաց. «Որտեղ Սայաթ-Նովա երգում են, այնտեղ ներկա է հայրենիքը: Նրա ասելիքը սերն էր, նրա մեջ այնքան սեր կա, որ անգամ կրոնական հակադրությունները չեն խանգարել»: Բանախոսը նշեց, որ Սայաթ-Նովան ամենաշատ երգվածն ու երգվողն է, ամենատարածված անունը հայ աշուղական արվեստի մեջ, ապա անդրադարձավ տարբեր տեսակի ու որակի կատարումներին. «Սայաթ-Նովա են կատարում մարդիկ, ովքեր նույնիսկ նրա գրքի տեղը չգիտեն, որ բացեն, տեքստը կարդան, ու շատ ամոթ է, երբ աղավաղումներով է երգվում Սայաթ-Նովան… Երգում են այնքան, որքան կարողանում են: Իսկ Սայաթ-Նովան բարդ է, բայց եւ պարզ, ու դու պետք է ծառայես նրան: Եվ Սայաթ-Նովային ճշգրիտ ներկայացնելու համար անհրաժեշտ է, որ դրանով զբաղվի մեր պետությունը»:
Ըստ բանախոսի՝ եթերի չափազանց ազատությունն արդեն անազատություն է: Իսկ ընդհանրապես մեր երկիրը պետք է ունենա ազգային մշակույթի քաղաքականություն, որը պիտի մշակի Ազգային ժողովը:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս