Հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը ներկայացրեց սոցիալական կարեւոր նշանակության եւ լայն սպառում ունեցող մի շարք ապրանքների գների մոնիտորինգի արդյունքները, որը որոշ լրատվամիջոցների կողմից տեղիք տվեց անհարկի մեկնաբանությունների։
Համեմատելով Ազգային վիճակագրական ծառայության եւ ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված մոնիտորինգի արդյունքները, փորձեր արվեցին անհիմն կերպով քննադատելու եւ կասկածի տակ առնելու Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության հավաստիությունը։
Վերոնշյալի հետ կապված տեղեկացնում ենք, որ մեթոդաբանական բազմաթիվ տարբերությունների պատճառով նման համեմատությունները տեղին չեն եւ մասնագիտական առումով՝ անընդունելի։ Պետական երկու կառույցների կողմից հրապարակված վիճակագրական տվյալները միմյանց հետ համադրելի չեն այն պարզ պատճառով, որ տարբեր են ուսումնասիրության ժամանակահատվածները, դիտանցման օրերը, ապրանքների անվանումները, ինչպես նաեւ դիտանցման վայրերը։
Մանրամասնենք, որ, ԱՎԾ-ի կողմից կիրառվող մեթոդաբանության համաձայն, ապրանքների գները դիտարկելու համար տվյալները հավաքագրվում են Երեւան քաղաքում եւ հանրապետության 10 մարզերում գործող 9-12-ական տարբեր առեւտրի կետերից։ Գները դիտարկվում են յուրաքանչյուր ամսվա համար 3 անգամ, որից հետո գրանցված գների հիման վրա կատարվում է միջին ամսական գների հաշվարկ։
Մինչդեռ, համաձայն օրենսդրության, Հանձնաժողովը դիտարկում է տարբեր ապրանքային շուկաներում գործող՝ բացառապես գերիշխող դիրք ունեցող ընկերությունների մանրածախ եւ մեծածախ գները։ Մասնավորապես՝ կառավարության 14.01.2016թ. նիստում ներկայացված տվյալներն արտացոլում են գերիշխող առեւտրային ցանցերում առանձին ապրանքատեսակների, ինչպես նաեւ ցորենի ալյուր արտադրող երկու խոշոր ընկերությունների մեծածախ վաճառակետերում իրականացված դիտանցումների արդյունքները։ Կատարված համեմատությունների համար հիմք են հանդիսացել դիտարկված ամիսների վերջին օրերի տվյալները։
Հանձնաժողովը եւս մեկ անգամ փաստում է իր կողմից ներկայացված տվյալների հավաստիությունը եւ տեղեկացնում, որ դրանք ամբողջությամբ հրապարակային են եւ տեղադրված են ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնական կայքում՝ www.competition.am հասցեով։
ՀՀ ՏՄՊՊ