«Խոզի գրիպ»-ից մինչև ՄԻՊ-ի հրաժարական. շաբաթվա ամփոփումը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոնական օրերից հետո անցնող շաբաթվա ամենակարևոր իրադարձությունները, թերևս, Հայաստանում տարածված սուր-շնչառական վիրուսների սրացումն ու Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականն էին, նաև` հայտնի հանցավոր խմբի վնասազերծման հետ կապ ունեցող ևս երկու անձանց ձերբակալումը, ապա` կալանավորումը: Սակայն ամեն ինչի մասին սկզբից. Armlur.am-ն ամփոփում է շաբաթը:

«Խոզի գրիպ»-ը եկել ու չի հեռանում

Հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք: Մինչ այս խոզի գրիպից մահացել է 14 մարդ: Բժիշկները խորհուրդ են տալիս առաջին ախտանշանների դեպքում դիմել բժշկի:

Կարեն Անդրեասյանն ու Միքայել Մինասյանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հունվարի 12-ին ներկայացրեց արդեն իսկ կանխատեսված հրաժարականի դիմումը: Օմբուդսմենը հույս է հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Իսկ ինչո՞ւ օմբուդսմենը հրաժարականի դիմում ներկայացրեց. ինչո՞ւ հենց հիմա: Այս հարցի պատասխանը ստանալու համար բավական է ընդամենը մի քանի ամիս հետ գնալ և վերհիշել Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի՝ Սերժ Սարգսյանի փեսայի հետ ունեցած տարաձայնությունները: Բուռն քննարկումների տեղիք տված անհաշտությունները սույն անձանց միջև ծագել էին այն ժամանակ, երբ ՀՀԿ երիտասարդական թևի թիրախը դարձավ Կարեն Անդրեասյանը:

Ինչպես հայտնի է՝ իշխանությունների սիրելին համարվող Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի շուրջ հասունացած սկանդալի արմատներն ավելի խորն էին, և երիտհանրապետականները բողոքում են Անդրեասյանից առաջին հերթին Միքայել Մինասյանի անմիջական հրահանգով: Իսկ Միքայել Մինասյանի կողմից նման հրահանգ իջեցնելու պատճառը հասկանալու համար բավական է հիշել, որ Վատիկանի դեսպանը և նրա հարազատ եղբայրը՝ AM իրավաբանական ընկերության ղեկավար Գրիգոր Մինասյանը, լարված հարաբերություններ ունեն: Գաղտնիք չէ նաև այն, որ Կարեն Անդրեասյանը Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերն է:

«Մասկի շոու»-ն շարունակվում է

Նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ համայնքում ԱԱԾ հատուկ ջոկատայինների կողմից «վնասազերծված զինված հանցախմբի» անդամները, կարծես, շարունակվում են բացահայտել: ArmLur.am-ը ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկանում է, որ հունվարի 14-ին ձերբակալվել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը: Նրանք, ըստ ԱԱԾ-ի, կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանք այսօր կալանավորեցին:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում.

Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս