ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 4/26 ընտարտեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը:
06.12.2015թ.-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբից տեղեկություն էր ստացվել, որ թիվ 4/26 տեղամասում անհայտ անձը քվեարկել է այլ անձի փոխարեն: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու ահազանգում մատնանշված հանգամանքը և այն անձին, ում փոխարեն մեկ ուրիշը կատարել է քվեարկություն։
Նյութերի նախապատրաստության ընթացքում պարզվել է, որ անձը, ում փոխարեն կատարվել է քվեարկություն, Գայանե Գյուլնազարյանն է, ով 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 4/26 ընտրատեղամաս և պարզել, որ իր փոխարեն մեկ ուրիշը քվեարկել է։
Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, որի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ Գ.Գյուլնազարյանի փոխարեն քվեարկել է նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը։
Նախնական քննության տվյալներով՝ Գ.Գյուլնազարյանի անվան դիմաց լրացրել է, ստորագրել և նրա փոխարեն քվեարկել թիվ 4/26 տեղամասի հանձնաժողովի անդամ Դ.Ազատյանը։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Դ.Ազատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։