Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Զարուհի Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի կողմից իր հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ Զարուհի Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա։

Զ.Հովհաննիսյանը 2016 թվականի հունվարի 5-ին գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն առ այն, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր ոմն Անդրե Մակարովը նույն կայքում հաղորդագրությունների միջոցով իր հասցեին տվել է սպանության սպառնալիքներ:

Պարզվել է, որ Անդրե Մակարովը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ Անդրանիկ Ավետիսյանը, ով 2016 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22:58-ին, գաղտնի պահելով իր ով լինելը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով վիրավորել է նույն ցանցի օգտատեր Զարուհի Հովհաննիսյանին և վերջինս հասցեին տվել սպանության սպառնալիքներ, ապա` արգելափակել իր էջը։

Նշված գործողությունները Զարուհի Հովհաննիսյանի մոտ առաջացրել է տագնապի, վտանգի զգացում և վերջինս Ա.Ավետիսյանի սպառնալիքներն ընկալել է իրական՝ իրականացման համար ու հաջորդ օրը ներկայացրել է գրավոր հաղորդում։
Նախապատրաստված նյութերն ստացվել են Արաբկիրի քննչական բաժնում։
Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, և Զ.Հովհաննիսյանը պնդել է իր բողոքը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հունվարի 15-ին հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։




Լրահոս