Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) եւ “Թռչկան” քաղաքացիական նախաձեռնությունը դիմել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին՝ կապված Տավուշի մարզի Պաղջուր գետի հովտում կատարված բնապահպանական խախտումների հետ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
“Ինչո՞ւ են լռում ՀՀ բնապահապանության նախարարությունն ու ոստիկանությունը
Մայիսի 3-ին գրավոր դիմել ենք ՀՀ բնապահպանության նախարարին, կապված դեռեւս անցյալ տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ Տավուշի մարզի Պաղջուր (Խաչաղբյուր) գետի հովտում կատարված բնապահպանական խախտումների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:
Մեր դիմելու նպատակն էր պարզել, թե ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից ՀՀ Տավուշի մարզի Պաղջուր (Խաչաղբյուր) գետի հովտում իրականացվե՞լ են արդյոք տեսչական ստուգումներ “Մեգաէներջի” ՍՊԸ-ի կողմից “Խաչաղբյուր-2” ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում թույլ տրված բնապահպանական խախտումների բացահայտման եւ բնության հասցված վնասի հաշվարկման ուղղությամբ, եւ եթե իրականացվել են, ապա մեզ տրամադրել այդ ստուգումների արձանագրությունների պատճենները:
Մեր գրավոր դիմումին պատասխանելու ժամկետը լրացել է դեռեւս ս. թ. մայիսի 13-ին, սակայն զարմանալիորեն ՀՀ բնապահպանության նախարարությունն առ այսօր լռում է եւ չի պատասխանում մեր կողմից իրեն ուղղված այդ հարցերին:
Բանն այն է, որ 2012թ օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում “Մեգաէներջի” ՍՊԸ-ն “Իջեւանի” եւ “Արջատխլենու” արգելավայրերի ու դրանց բուֆերային գոտիների տարածք էր մտցրել ծանր տեխնիկա, վնասել եւ աղավաղել անտառային լանդշաֆտը, ոչնչացրել զգալի թվով ծառեր ու վնասել շրջակա միջավայրը:
Ավելորդ չենք համարում նշել, որ այդ ամենի մասին ոչ միայն նշված չի եղել այդ ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերում, այլ ընդհակառակը, նշված է եղել որ հիշյալ տարածքում չկան բնության հատուկ պահպանվող տարածքներ, իսկ ծառահատումների կարիք չկա, քանի որ ՀԷԿ-ի խողովակաշարը անցնելու է ավտոճանապարհին զուգահեռ:
Այս մասին բազմաթիվ ահազանգեր են եղել ինչպես Գետահովիտ գյուղի բնակիչների, այնպես էլ բնապահպանների ու զանգվածային լրատվական միջոցների կողմից: 2013թ. հունվարի 11-ին մեր նախաձեռնությունների կողմից հաղորդում է ներկայացվել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությանն ու ՀՀ ոստիկանությանը: Ցավոք, առ այսօր ոչ մի պետական մարմին որեւէ էական քայլ եւ միջոցներ չի ձեռնարկել այս հարցերի լուծման ուղղությամբ:
Շրջակա միջավայրին հասցված վնասն առ այսօր գնահատված չէ, ոչ ոք պատասխանատվություն չի կրել կատարված անօրինականությունների համար, ՀՀ ոստիկանությունն արդեն չորս ամիս է` հետաքննություն է անցկացնում, Հայանտառ ՊՈԱԿ-ը “տեղյակ” չէ, որ իր անտառտնտեսությունում բազմաթիվ ծառեր են ոչնչացվել, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունն, արհամարհելով տեղի բնակչության կարծիքը եւ մեր մասնագիտական դիտողություններն ու առաջարկությունները, 26.03.2013թ. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն է տվել ,Իջեւանիե արգելավայրի տարածքում կառուցվող “Մեգաէներջի” ՍՊԸ-ի կողմից ներկայացված “Խաչաղբյուր-2” ՓՀԷԿ-ի կառուցման փոփոխված աշխատանքային նախագծի վերաբերյալ:
Հարց է առաջանում` արդյոք ՀՀ բնապահպանության նախարարությունը, իրավապահ մարմիններն ու պետական այլ լիազոր մարմինները նույն կերպ կվերաբերվեին, եթե այդպիսի բացահայտ խախտումներ կատարողը լիներ մի հասարակ քաղաքացի կամ գյուղացի, այլ ոչ թե պետական էշելոններում ինչ-ինչ հովանավորչություն ունեցող ընկերություն:
Այս գրությունն ուղղված Ձեզ ընդունեք, որպես հանցագործության մասին հաղորդում եւ քայլեր ձեռնարկեք անգործություն ցուցաբերած պաշտոնատար անձանց եւ շրջակա միջավայրին անդառնալի վնաս պատճառած ընկերության պատասխանատուներին պատասխանատվության կանչելու ուղղությամբե: