Այսօր՝ մայիսի 22-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները Կոտայքի մարզում ուժեղացված ծառայություն կատարելու ժամանակ կանգնեցրել են 33-ամյա Արտակ Կոլյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, պարզվել է, որ նա նշված ավտոմեքենան վարում է ոչ սթափ վիճակում, և երբ բժշկական փորձաքննության է ենթարկվել, դա հաստատվել է։ 3 ժամից ավելի ՃՈ աշխատակիցները փորձում էին նրա ավտոմեքենան տեղափոխել ՃՈ հատուկ պահպանվող տարածք, սակայն նա ոչ միայն հրաժարվում էր ենթարկվել ՃՈ աշխատակիցներին, այլև սպառնում էր, որ իրեն կանգնեցնող ՃՈ աշխատակիցներին հանելու է գործից։
Սկզբում նա իրեն պահում էր հավասարակշռված, սակայն երբ իմացավ, որ բժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ ինքը եղել է ոչ սթափ վիճակում, սկսեց հայհոյանքներ տալ և հայտնել, որ ինքը իրավունք ունի չնչին չափաբաժին օղի օգտագործած վիճակում վարել ավտոմեքենան։ ՃՈ աշխատակիցները, այլ ելք չունենալով, դեպքի վայր հրավիրեցին Կոտայքի բաժնի ոստիկաններին, ովքեր նրան և իր ընկերոջը տեղափոխեցին ոստիկանության Կոտայքի բաժին։
Նա մեկ հայտարարում էր, որ Աբովյանի քաղաքապետի ազգականն է, մեկ ծանոթն է, իսկ վերջում էլ, թե ինքը Գորիսից է, ուղղակի Աբովյանի քաղաքապետի հեռու ազգականն է, սակայն ոստիկանները կարծում էին, որ նա խմիչքի ազդեցության տակ ստում է։
Նրան ոստիկանություն տեղափոխելուց հետո, քարշակի օգնությամբ նրա ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։