2013 թվականի ապրիլի 15-ից գործում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ SMS հաղորդագրություն ստանալու համակարգը:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, SMS հաղորդագրություն ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել ՀՀ ոստիկանության հետ համագործակցող “Նիկիտա Մոբայլ” ընկերության և “Մայքրոսոֆթ” ինովացիոն կենտրոնի կողմից համատեղ մշակված www.4car .am կայքում:
Գրանցման համար անհարժեշտ է հաստատել հեռախոսահամարը, լրացնել անձնական տվյալները և լրացնել մեքենայի հաշվառման համարանիշը և հաշվառման վկայագրի համարը։
Եթե մուտքագրված տվյալները ճիշտ են, ապա հաստատվում է կայքի կողմից և 1 ժամվա ընթացքում քաղաքացին ստանում է մինչ այդ պահը կատարված խախտումների պատմությունը, որից հետո յուրաքանչյուր նոր հայտնաբերված խախտման վերաբերյալ քաղաքացին ստանում է SMS հաղորդագրություն, որին մանրամասն կարելի է ծանոթանալ 4car .am կայքում:
Կայքում հնարավորություն կա նաև տեսնել տեսագրությունը և կատարել վճարում: Ներկա պահին կայքում կա 1801 գրանցված բաժանորդ:
Բացի այդ, մինչև ս.թ. հուլիսի 1-ը տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտեղադրվի նաև ՀՀ ոստիկանության www.police .am պաշտոնական կայքում, և յուրաքանչյուր վարորդ, մինչև սահմանված կարգով (փոստային առաքմամբ) որոշման ստացումը, ավտոմոբիլի համարանիշն ու հաշվառման վկայագրի համարը մուտքագրելով կկարողանա տեղեկանալ տվյալ ավտոմոբիլով կատարված խախտումների մասին: