«ԵՍ ԻՆՁ ՉԵՄ ՀԱՐԳԻ, ԵԹԵ ԻՆՁ ՉԵՆԹԱՐԿՎԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն արտահերթ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ աշխատանքից ազատել է երեք հոգու: Փրկարար ծառայության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների էլ տրվել են խիստ նկատողություններ ու զգուշացումներ:  «Ժողովուրդ»-ը զրուցեց Արմեն Երիցյանի հետ` պարզելու, թե ինչու է նման կտրուկ միջոցների դիմել:
-Պարո՛ն Երիցյան, Ձեր հրավիրած արտահերթ խորհրդակցության ժամանակ հայտարարել եք, որ կան բացթողումներ: Որո՞նք են այդ բացթողումները, ինչի պատճառով ԱԻՆ-ի 3 աշխատակիցների հեռացրել եք, մի քանիսին էլ խիստ նկատողություն տվել:
-Նախ նշեմ, որ հատուկ նիստը վերաբերել է մայիսի 14-ին ծանր հետեւանքներով տեղի ունեցած ավտովթարին: Այն տեղի էր ունեցել Նուբարաշենի խճուղում, որի հետեւանքով զոհվել էր մեկ, ծանր վիրավորվել երեք մարդ: Հիշում եք, որ իրար էին բախվել Fiat, Opel Vectra մակնիշի եւ ԱԻՆ փրկարար ծառայության հաշվեկշռում հաշվարկված ավտոմեքենաները: Ավտովթարի հետեւանքով վարորդը մահացել էր, որն աշխատում էր ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նուբարաշենի բաժանմունքում որպես ավագ տեսուչ: Այդ դեպքի հետ կապված՝ լուրջ խախտումներ են եղել: «Սպայկա» ընկերության հրդեհի հետ կապված եւս նկատողություններ եմ տվել: Կային ղեկավարներ, որոնք եկել էին դեպքի վայր՝ չնայած որեւէ կապ չունեին դրա հետ, ես հանձնարարել եմ, որ այլեւս նման բան չանեն: Իսկ ավտովթարի հետ կապված՝ ասեմ, որ դա ոչ թե բացթողում էր, այլ գտնում եմ, որ աշխատանքի վատ կատարում էր:
-Երեք աշխատակիցների հեռացրել եք համակարգից, հայտարարել եք պաշտոնի անհամապատասխանություն, խիստ նկատողություն ու զգուշացում եք տվել փրկարար ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների, կոնկրետ կնշե՞ք` ինչի համար:
-Ես պատժել եմ փրկարար ծառայության ղեկավարի երկու տեղակալներին՝ գեներալներ Ալիկ Պետրոսյանին եւ Վրեժ Գաբրիելյանին, որոնք իրենց գործառույթներում առնչվում են քաղաքի վարչության հետ: Աշխատանքից ազատել եմ քաղաքի վարչության պետի տեղակալին, ազատել եմ նաեւ Նուբարաշենի պետին եւ հրշեջ ծառայության Էրեբունու բաժնի պետին: Պաշտոնի ոչ լրիվ համապատասխանում եմ տվել խմբի ղեկավարին եւ քաղաքի վարչության պետին: Ու այս ամենն առնչվում է արդեն նշված ավտովթարի հետ: Եթե նման դեպքեր են լինում, ուղղակի պետք է մարդիկ պատժվեն: Մի բան լա՛վ իմացեք, որ ինձ համար շատ դժվար է մարդուն աշխատանքից ազատելը, բայց նման դեպքերում ես արդեն անզոր եմ դառնում:
-Նշել եք նաեւ, որ կարգ ու կանոնին չհետեւողները համապատասխան պատժի կենթարկվեն: Երբվանի՞ց է, որ Ձեր աշխատակիցները Ձեզ չեն ենթարկվում:
-Ես ինձ չեմ հարգի, եթե ինձ չենթարկվեն: Ո՞նց չեն ենթարկվում, ենթարկվում են, ուղղակի իրենք իրենց տեղում չեն եղել այդ անգամ: Եթե ծառայության ղեկավարները, գեներալներն արդեն թուլություն են ցուցաբերում, նշանակում է, որ իրենք պետք է տույժ ստանան, որ խելքները հավաքեն իրենց գլուխները, եթե ոչ` իրենք էլ կհեռացվեն համակարգից:
-Նախօրեին՝ «Սպայկա» ընկերության հրդեհի ժամանակ, անակնկալ ձեւով հայտնվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Դուք հասկացա՞ք, թե ինչու էր եկել. նա մի քանի վայրկյան միայնակ կանգնեց ու հեռացավ:
-Անկեղծ ասած, չեմ հետաքրքրվել, ես զբաղված էի, եկավ, բարեւեցինք: Երեւի որ գյուղմթերք էր, դրա համար էր եկել:
-Տեղեկություններ կան, որ վերջին ժամանակներս Ձեր եւ Ս. Կարապետյանի փոխհարաբերությունները լարվել են, անգամ լուրեր են շրջանառվում,  որ մամուլում միմյանց դեմ քննադատական նյութեր եք «պատվիրում»:
-Չէ՛, նման բան չկա, ուղղակի ով էլ գար, ես այնքան զբաղված էի… Այնտեղ իմ խորհրդի կարիքը կար, իմ հանձնարարականների կարիքը կար, ես իմ աշխատանքով էի զբաղված: Ինքն իմ կուսակցական ընկերն է, յուրաքանչյուրս ունենք մեր գործառույթները: Ինքը նորմալ մարդ է, իմ կողմից որեւէ նման միտում չկա, ու կարծում եմ, որ իր կողմից եւս չկա:
-Պարո՛ն Երիցյան, կառավարության կազմում որեւէ լուրջ փոփոխություն տեղի չունեցավ, ըստ Ձեզ` այսօրվա ծայրահեղ ծանր սոցիալական իրավիճակում պե՞տք չէր կառավարության կազմում արմատական փոփոխություն կատարել:
-Ես բազմիցս ասել եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր գործով զբաղվի: Ու կարծում եմ, որ այս կազմն ամեն ինչ անելու է, որպեսզի երկրում տիրող իրավիճակն էլ ավելի լավանա: Ես կարող եմ իմ անունից ասել, որ ես առավել ջանքեր եմ ներդնելու, որպեսզի կարողանամ իմ նախարարության միջոցով օգնել հասարակությանը: Ես դա խոստանում եմ: Այլ բան չեմ կարող ասել:
-Դուք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին զեկույցներ եք ներկայացնում, երբեւիցե նրան զեկուցե՞լ եք, թե ինչ վատ վիճակում է ապրում ժողովուրդը:
-Կարծում եմ՝ յուրաքանչյուր ղեկավար կարող է զեկուցել նախագահին, թե ինչ է կատարվում, նախագահն այնպիսի բարդ մարդ չէ, որ դժվար լինի իր հետ խոսել: Ես միշտ էլ ասում եմ, որ ես իրեն շատ հարգում եմ դրա համար, ես իրեն ոչ թե որպես միայն նախագահ եմ հարգում, այլ հարգում եմ որպես Սերժ Սարգսյան: Իսկ ես էլ իմ աշխատանքով փորձում եմ ապացուցել, որ իմ երկրի համար կարող եմ ինչ-որ բան անել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս