ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋ ԿԳԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ բանակցությունները կրկին ակտիվացել են: Երեկ Լեհաստանի Կրակով քաղաքում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի միջեւ: Մայիսի վերջին Հայաստան կայցելեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, իսկ այնուհետեւ տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:
Երեկ «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները պնդում էին, որ համանախագահների՝ տարածաշրջանային այցի ժամանակ պետք է հստակ պայմանավորվածություն ձեռք բերվի ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ նախնական փաստաթղթի ստորագրման ժամկետների շուրջ: Ըստ շրջանառվող լուրերի՝ խոսքը հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ համընդհանուր փաստաթղթի մասին է, որը տեւական ժամանակ է` քննարկվում է բանակցությունների ժամանակ:
Նալբանդյան-Մամեդյարով երեկվա հանդիպումից հետո հայտարարությամբ են հանդես եկել նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: «Արտգործնախարարներն ու համանախագահները քննարկել են խաղաղության գործընթացի առաջխաղացման հնարավոր ուղիները: Արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ներկա իրավիճակը եւ հաստատել են իրենց հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության ամրագրման գործընթացին: Համանախագահները վերստին հայտարարել են այնպիսի հռետորիկայից ու գործողություններից զերծ մնալու անհրաժեշտության մասին, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը կամ վնասել խաղաղության գործընթացին: Համանախագահներն արտգործնախարարների հետ քննարկել են վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցներ` օգնելու համար ստեղծել հաշտվելու համար բարենպաստ մթնոլորտ: Համանախագահները տարածաշրջան կայցելեն այս ամսվա վերջին` տվյալ հարցերը քննարկելու համար Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Հավելենք, որ ըստ դիվանագիտական շրջանակներում պտտվող խոսակցությունների՝ Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած բանակցությունների ժամանակ բավական ակտիվ է եղել նաեւ Լեհաստանը: Նույնիսկ խոսվել է, թե Լեհաստանի իշխանությունները պատրաստ են դոնորներ գտնել եւ 1,5 մլրդ ԱՄՆ դոլար օժանդակություն տալ Հայաստանին:

Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս