Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը քիչ անց կներկայացնի իր հրարաժականի մասին երկրորդ դիմումը. ինչպես հայտնի է` կարգն այդպես է պահանջում: Անդրեասյանը, երկրորդ դիմումը ներկայացնելու մասին հայտարարելուց զատ, խոսել է նաև իր հրաժարականի մասին:
«Երբ հինգ տարի առաջ ստանձնում էի երբևէ ցանկացածս միակ պետական պաշտոնը, փորձեցի հանրությանը ներկայացնել իմ սպասելիքներն ու մղումներն այս տողերով. «Որպես իրավաբան` մարդկանց հավասարությունն օրենքի առաջ ինձ համար միշտ եղել է կարևորագույն սկզբունք: Որպես պրակտիկ մարդ` ես էլ գիտեմ‚ որ սա ամենադժվար իրականացվող նորմերից է: Որպես իրատես` չեմ կասկածում‚ որ այս առաքելությունն իրականացնելիս ավելի հաճախ դառնում են քննադատության թիրախ‚ քան արժանանում հիացմունքի: Բայց որպես լավատես` ես հավատում եմ‚ որ «կաթիլը քար է ծակում»:
Իմ բարդ ճանապարհի այս փուլն ավարտելիս ցանկանում եմ հենց այս տրամաբանության մեջ ամփոփել ասելիքս. Որպես իդեալիստ. Այս տարիներին շատ է մաշվել իդեալիզմս, բայց և այն ինձ օգնել է ամենածանր օրերին: Այն դեռ պահպանվել է: Պարզապես ավելի տեղեկացված ու իմաստնացած է դարձել: Ես անսահման մարդկային բարություն եմ տեսել այս տարիներին և հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ամենածանր կացության մեջ են եղել:
Որպես պրակտիկ մարդ. Ես գիտեմ, որ ինձնից այսօր շատերն ակնկալում են միայն մեկ բան՝ կարճ ու կոնկրետ՝ հրաժարականիս պատճառը: Վերջին օրերին ես լսեցի այդ պատճառի մասին մի շարք ողջամիտ բացատրություններ, բայց նաև մի քանի ցնդաբանություններ: Հրաժարականի պատճառը բազմաշերտ է և շատ բարդ է այն ներկայացնել մեկ կամ մի քանի բառով: Բայց ամենակարճն ու հիմնականը հետևյալն է: Եթե 2016 թվականին էլ հենց ես մնայի Օմբուդսմեն, ապա այս կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ: Պատկերացնում եմ չարախոսներին, որ այս տողերից հետո ավելի մեծ կատաղությամբ կսկսեն պախարակել մեր կատարած նախկին աշխատանքը, բայց հուսամ՝ նրանք կփորձեն նաև այլ եղանակներով վաստակել իրենց օրվա հացը:
Որպես իրավաբան. Ակնկալում եմ, որ բոլոր այն օրենքները, որ կընդունվեն այս տարի որպես նոր Սահմանադրության հետևանք, կլինեն իրապես մարդակենտրոն և ի օգուտ մարդու իրավունքների կլուծեն այն հարցերը, որոնց կարգավորումը ներկայիս Սահմանադրությունը բաց է թողել: Որպես լավատես. Հուսով եմ, որ իմ զավակները կմեծանան այնպիսի Հայաստանում, որտեղ անքննելի իրականություն կդառնա օրենքի առջև բոլորի հավասարությունը, իսկ իմ որդիների զինվորական ծառայությունը կանցնի առանց թշնամական գեթ մեկ կրակոցի:
Վերջապես, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում սպասումները չարդարացրեցի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով: Շնորհակալություն եմ հայտնում այն բազմաթիվ մարդկանց, ովքեր ինձ օգնեցին ստանձնել, իսկ այնուհետև կատարել մարդուն օգնելու այս մեծ առաքելությունը, և ովքեր այս հինգ տարիներին ինձ հետ անցան բոլոր փորձությունները», – նշել է նա: