ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀՈՒ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻ ԱՂՋԻԿ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 20-Ա շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Ինչ-որ մարդիկ կտրել էին 23-ամյա Մարիամ Հունանյանի պարանոցը, ապա այրել բնակարանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` սպանված մատուցողուհու գործով կա ձերբակալված մի աղջիկ:
Հարեւանների պատմելով՝ Մարիամն աշխատել է մի շարք ռեստորաններում: Մահանալուց առաջ էլ աշխատում էր «Էդվարս» սրճարանում: Իսկ նշված բնակարանում Մարիամը ընկերուհու՝ Արաքսյայի եւ նրա մոր հետ բնակվում էր 2012-ի նոյեմբերից:
Սահմռկեցուցիչ այս դեպքից անցել է 10 օր: Այն ցնցել է ողջ հանրապետությունը, իսկ Աջափնյակում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, իրավիճակը բավական լարված է, քանի որ Մարիամին շատերն էին ճանաչում, եւ հիմա ոստիկանները բազում մարդկանց են տանում-բերում:
«Ժողովուրդ»-ի թղթակիցն Արզումանյան փողոցի հարակից շենքերի բնակիչների հետ զրուցելիս պարզեց, որ սպանությունից հետո՝ գրեթե մինչ օրս, Աջափնյակում տղա ու աղջիկ չի մնացել, որ չտանեին ոստիկանություն. «16-18 տարեկան ինչքան տղա ու աղջիկ կար, բոլորին հատ-հատ տարան: Ասում են՝ բոլոր տարածների շորերը հանել են տվել եւ մարմիններն ամբողջությամբ ստուգել: Տենց միլիցեքը մարդկանց վրա ճանկռածների հետքեր են ման եկել»:
Երբ հետաքրքրվեցինք, թե ինչու են ոստիկանները մարդկանց հագուստը հանել տվել, բնակիչներից մեկն այսպիսի բան պատմեց. «Չգիտեմ՝ որքանով է իմ տեղեկությունը հավաստի, բայց ասում են, որ սպանված աղջկա եղունգների տակ միս են հայտնաբերել, որը դատաբժշկական փորձաքննության են ենթարկել: Դրա համար էլ բերման ենթարկվածների մարմինները ստուգել են ոտից գլուխ»: Գտել են արդյոք ոստիկանները ճանկռոտված մարդկանց, թե ոչ՝ առայժմ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փոխանցեցին, թե դեռեւս նորություն չկա գործից: Նախաքննությունը շարունակվում է:
Միայն ճշտեցինք, որ սպանվածը պարտքեր է ունեցել շատ մարդկանց, իսկ մի շարք տղաների հետ՝ լուրջ կոնֆլիկտներ: Թե ինչ խորության եւ բնույթի կոնֆլիկտների մասին է խոսքը, դարձյալ առայժմ չկարողացանք պարզել: Մարիամին ճանաչողները չցանկացան մանրամասներ ներկայացնել. «Գործ չունենք, ի՞նչ գիտենք որ»:
Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ Մարիամի սպանության գործով կա մեկ ձերբակալված, որն աղջիկ է: Համաձայն նույն աղբյուրի հաղորդած տեղեկության՝ Մարիամին սպանել են ինչ-որ տղայի համար: Համենայնդեպս, քննվող վարկածներից մեկը սա է:
Մենք փորձեցինք զրուցել նաեւ Մարիամի ծնողների հետ: Այցելեցինք նրանց պատկանող բանջարեղենի կրպակ, սակայն այն փակ էր: Կրպակի տարածքում աշխատող քաղաքացիներից տեղեկացանք, որ աղջկա ընտանիքի անդամներն այս օրերին գտնվում են Սեւան քաղաքում:
Հիշեցնենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով (սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով):

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս