Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրի առողջապահական փորձն ուսումնասիրելու և համագործակցության ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել Հարվարդի առողջապահության դպրոցի «Դանա-ֆաբեր»-ի և Բոստոնի քաղցկեղի և արյան մանկական կենտրոնի գլոբար ծրագրերի համակարգող Իրինի Ալբանտիի և նույն դպրոցի մագիստրոսների խումբը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ ծրագրերի իրականացման հնարավարությունները:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում ուռուցքաբանության ոլորտին: Նրա խոսքով` դրա վառ ապացույցներից է Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև համագործակցությունը հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ, ինչպիսին է օրինակ մանկական ուռուցքաբանության ոլորտում հսկայական աշխատանք իրականացնող «Նվիրիր կյանք» բարեգործական կազմակերպությունը:

«Վերջին տարիներին մանկական ուռուցքաբանությունը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական և ժողովրդագրական խնդիրներ է ձևավորում»,- նշեց նախարարը: Նա հյուրերին ներկայացրեց նաև ՀՀ ԱՆ ՀՀ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքները, որտեղ նախատեսված է նաև ցողունային բջիջների և ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության ստեղծումը:

Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև հանրային առողջության ոլորտում իրականացվող ծրագրերին, շարունակական մասնագիտական զարգացմանը: Նախարարը ներկայացրեց նաև հիվանդությունների կանխարգելմանը և վաղ փուլերում հայտնաբերմանն ուղղված 2015 թվականին մեկնարկած և այս տարի ևս շարունակվող նոր ծրագրերը, որոնց թվում են երեք ուղղություններով իրականացվող սկրինինգային, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների համար կանխարգելիչ բժշկական զննության ծրագրերը:

Անդրադառնալով մասնագետների խմբի այցին` Արմեն Մուրադյանն հավաստիացրեց, որ ՀՀ նախարարությունը մշտապես պատրաստ է աջակցել փորձի փոխանակման և մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին հատկապես մանկական ուռուցքաբանության նման կարևոր ոլորտում:

Հարվարդի առողջապահության դպրոցի «Դանա-ֆաբեր»-ի և Բոստոնի քաղցկեղի և արյան մանկական կենտրոնի գլոբար ծրագրերի համակարգող Իրինի Ալբանտին նշեց, որ իրենք առաջին անգամ են Հայաստանում և արդեն ունեն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մասնագետների հետ համագործակցության որոշակի փորձ:

Այս բժշկական կազմակերպությունում իրենք արդեն իսկ սկսել են իրականացնել մասնագիտական խորհրդատվության, մանկական ուռուցքաբանության ոլորտում սոցիալ-հոգեբանական ծրագրերի ներդրման աշխատանքներ:

Ամերիկյան առաջատար բժշկական այս կազմակերպության ներկայացուցիչները պատրաստակամությւոն հայտնեցին խորացնել համագործակցությունը և կյանքի կոչել արդյունավետ ծրագրեր մասնագետների վերապատրաստման, հեռաբժշկության և այլ ուղղություններով:




Լրահոս