Դեռեւս տարիներ առաջ՝ 2008-ից հետո, Շերիֆը՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, մարտի 1-ի հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ խոստովանել էր, որ մարտի 1-ին ներքին զորքերի ստորաբաժանումների գործողություններն ինքն է ղեկավարել: Ղեկավարել է «կարեւորագույն օպերացիան», տասը մարդու սպանության պատճառ դարձել, ապա ընդգրկվել ԲՀԿ պատգամավորական խմբակցությունում՝ որպես իր կատարած «հերոսության» պարգեւ:
«Ես երբեք չեմ խուսափում պատասխանատվությունից, երբեք չեմ խուսափել: Ու ԱԺ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ժամանակ բոլոր հարցերին տվել եմ սպառիչ պատասխաններ: Մնացածն արդեն իմ՝ որպես անձ, որպես զորքերի հրամանատար պատասխանատվության հարցը պիտի որոշեին համապատասխան մարմինները: Եթե չեն որոշել, ուրեմն գտել են, որ ես գործել եմ օրենքի շրջանակներում: Ես կոնկրետ՝ որպես ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ, իմ գործողություններն ու իմ ենթակաների գործողությունները գնահատում եմ օրենքի շրջանակներում: Օրենքի շրջանակներում եմ գործել ես»,-ասել է գեներալ-լեյտենանտը: Այսինքն՝ մեղքի որեւէ զգացում, զոհվածների ընտանիքներին զորակցություն կամ ցավ` բացառվում էր: Կարեւորն այն էր, որ ինքը համարվեր իշխանությունների պատվերները ճշգրիտ կատարող: Այսպես, ի դեպ, արդարանում էին գերմանական նացիստները Նյուրնբերգում՝ ամեն ինչ պատճառաբանելով պահի թելադրած անհրաժեշտությամբ:
Զարմանալին ու տարօրինակն այն էր, որ լինելով ծառայության մեջ, զբաղեցնելով բարձր պաշտոն ոստիկանությունում՝ Գ. Գրիգորյանը պաշտոնանկությունից անմիջապես հետո անդամագրվեց ԲՀԿ-ին, դարձավ նրա համամասնական ցուցակի 45-րդ համարն ու մտավ խորհրդարան… Հասկանալի է, որ պետք էր Շերիֆին անմիջապես դուրս բերել ոստիկանությունից, իբրեւ թե պաշտոնանկ անել, որպեսզի հետագայում նա հեռու լիներ պատասխանատվությունից: Ի դեպ, նշենք, որ, ինչպես ժամանակին վկայել է հենց ինքը` Գ. Գրիգորյանը, նա մարտի 1-ի հետ կապված բոլոր մանրամասները պատմել է ԲՀԿ գործընկերներին, որոնք էլ հետո «ձեւեր էին թափում», թե անտեղյակ են ու միայն հրապարակային քննարկման ժամանակ են կամենում լսել մանրամասները…
Ի դեպ, մարտի 1-ի հետ կապված՝ Գ. Գրիգորյանն այնպիսի ստեր է հորինել, որոնք զարմացրել են անգամ իրավիճակից անտեղյակ մարդկանց: Մամուլը գրել է. «ՈԶ նախկին հրամանատարի խոսքերով՝ մարտի 1-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՈԶ ստորաբաժանումները դուրս են բերվել Ֆրանսիական դեսպանատան հարակից տարածքից եւ տեղափոխվել Ազատության հրապարակ: Ըստ նրա, դրանից հետո իրենք օպերատիվ տվյալ են ստացել այն մասին, որ ցուցարարները փորձ են արել գրավել Երեւանի քաղաքապետարանի շենքը: Պատկերացնո՞ւմ եք, ցուցարարները փորձել են գրավել առանց պաշտպանության մնացած քաղաքապետարանի շենքը եւ այդպես էլ չեն կարողացել: Սա արդեն ոչ թե սովորական սուտ է, այլ մտքի գոհար, որը բնորոշում է, թե տվյալ անձն ինչպիսի կեղծիքների է ընդունակ»:
Միով բանիվ, Գ. Գրիգորյանն այն դեմքերից ու գործիչներից է, որը պետք է ցանկացած իշխանության, որը երկար տարիներ մասնակցել է ամենատարբեր պատժիչ գործողությունների՝ հավանաբար հենց այդ ամենի համար էլ հասնելով գեներալ-լեյտենանտի աստիճանի… Հենց այդ է վկայում նրա կենսագրությունը, քանզի Շերիֆն այն բացառիկ դեմքերից է, որը կարիերայի աստիճաններով վերեւ է սլացել մեծագույն արագությամբ: 1987-ին ավարտելով Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ նա արդեն նույն տարում աշխատանքի է անցել Արարատի շրջգործկոմի «Գյուղագրոարդ» ձեռնարկությունում եւ աշխատել իրավաբան: 1990թ. ստացել է ավագ լեյտենանտի կոչում: 1990-1992թթ. եղել է Արարատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ: Ավագ լեյտենանտի կոչում, բաժանմունքի պետ, այն էլ դեռեւս ԽՍՀՄ տարիներին: Ո՞վ էր կանգնած նրա թիկունքին, ո՞վ էր այդպես առաջ մղում նրան… 1992-1996թթ. արդեն Արարատի ՆԳ բաժնի պետն էր: 1993թ. ստացել է մայորի, 1994թ.՝ փոխգնդապետի, իսկ 1996թ.՝ գնդապետի կոչում: Երեք տարում՝ ավագ սպայի երեք կոչում: Այսպես չի լինում, բայց Շերիֆի դեպքում եղել է: Ուրեմն հատուկ շահագրգռվածություն է եղել նրան տանել «վերեւ»..
1996-2000թթ. Գրիգորյանը եղել է Արարատի մարզային ՆԳ վարչության պետ, 2000-2008թթ.՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար: 2001թ. ստացել է գեներալ-մայորի, 2007թ.՝ գեներալ-լեյտենանտի կոչում: Գուցե դեր է կատարել այն, որ կենսագրության մեջ գրված է, թե 1988-1994թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1992թ. եղել է Շուշիի ազատագրման առանձին գումարտակի հրամանատար: Բայց նշված թվականներին նա արդեն պատասխանատու պաշտոններ է վարել ոստիկանությունում, եղել բաժանմունքի ու բաժնի պետ… Շերիֆի կենսագրության մեջ անհայտ են մնում նաեւ 2008-2012 թվականները, քանի որ նա չի նշել, թե պաշտոնանկ լինելուց հետո որտեղ է աշխատել…
Իհարկե, պատգամավոր դառնալու պահին նա բավական անհետաքրքիր հայտարարագիր է ներկայացրել. «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 2 հողամաս եւ 2 արոտավայր Արարատի մարզում: Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 2 մլն դրամ, 2000 ԱՄՆ դոլար, 5000 եվրո: Չի հայտարարագրել շարժական եւ թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում: Կարելի է ասել, որ շա՜տ համեստ գեներալ է, գրեթե ոչինչ չունի, 25 տարվա ծառայության ընթացքում շատ քիչ բան է կարողացել ձեռք բերել: Բայց դա շատ երեւութական պատկերացում է, որովհետեւ շատերն են ասում այն մասին, որ նրան է պատկանում Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկը, ունի խանութներ Երեւանում, նրան են վերագրում նաեւ օպերային թատրոնի տարածքում գտնվող սրճարաններից մեկը…
ՇԵՐԻՖԻ ՄԱՍԻՆ՝ ԻՐ ԻՍԿ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ