ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՇՎԱՐԱԾ ԵՆ ՈՒ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Արմավիրի մարզի 43 համայնքներ մեծ վնասներ կրեցին մայիսի 12-ին տեղացած կարկուտից: Անցել է վեց օր, սակայն գյուղացիները դեռ ոչ մի արձագանք չեն ստացել կառավարությունից: Կարկուտի հետեւանքով իրենց տարվա ապրուստը կորցրած գյուղացիները շարունակում են զայրանալ եւ արդեն մտածում են երկիրը լքելու մասին:
Նշենք նաեւ, որ նախօրեին կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն, որում քննարկվել էին հանրապետությունում կարկտահարության հետեւանքով ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Օգնությունը պետք է լինի առարկայական եւ տեղին: Մենք պետք է օգնենք միայն սոցիալապես անապահովներին»: Այս հայտարարությունները կարծես թե մնում են օդից կախված, քանի որ, բացի հայտարարության տեքստից, առարկայական բան գյուղացին գոնե իր մաշկի վրա չի զգացել: Չնայած զարմանալի չէ, քանի որ Տ. Սարգսյանի կառավարությունը մշտապես աչքի է ընկել անբովանդակ ու ճոռոմ հայտարարություններով:
«Այգեշատին 100 տոկոսի չափ վնաս է հասցրել: Գյուղացիները հիմա այսքան սպասելու պատճառով գտնվում են վատ վիճակում: Շատերն էլ այս պահին չեն պատկերացնում գյուղատնտեսությանը եւ իրենց ֆինանսական-տնտեսական վիճակին հասցված իրական վնասի չափը: Այսօր գյուղացին կարող էր տարեկան 3-ից մինչեւ 6,7 միլիոն դրամի եկամուտ ստանալ՝ կախված իր հողատարածքից, մշակաբույսից: Իսկ եթե կառավարության կողմից ինչ-որ վերաբերմունք էլ լինի, ապա այն ամբողջովին չի մեղմելու գյուղացու կրած վնասը»,- ներկայացրեց Այգեշատ համայնքի ղեկավար Արամայիս Մխիթարյանը:
Գյուղապետից տեղեկացանք, որ այս պահին կառավարությունը կոնկրետ իրենց համայնքին ոչ մի տեսակի սերմացու կամ սածիլ չի տրամադրել, թեեւ այդ մասին անընդհատ հայտարարվում է:
«Բացի այդ, պետք է քննարկվի, թե որքան է նպատակահարմար այս շրջանում մշակաբույսի սերմացուի տրամադրումը կամ հետագայում որքան բերքի ակնկալիք կլինի: Դրանք խնդիրներ են, որոնք այս պահին լուծված չեն: Խոստացել են, որ կտրամադրեն, բայց այդ սերմացուն կծառայի՞ նպատակին, թե՞ ոչ: Այդ հարցը պետք է անմիջապես գյուղացու հետ քննարկել: Ես դեռ պետք է գյուղացիներին հավաքեմ ու հարցնեմ՝ էս կարգի սերմացու են ձեզ առաջարկում, պատրա՞ստ եք այն վերցնել կամ մշակել»,-պարզաբանեց Մխիթարյանը՝ ընդգծելով, որ գյուղացիներից շատերը, հույսները կորցրած, փորձում են իրենց սեփական միջոցներով այս խնդիրները լուծել:
Զրույցի ընթացքում պարզվեց, որ Այգեշատի բնակիչների մոտ 97-98 տոկոսն օգտվում է վարկային ծառայություններից. «Երբ կգա վարկային պարտավորությունները կատարելու ժամանակը, գյուղացին իր դատարկ գրպանով կկանգնի բանկի մուտքի առաջ: Դրանից սարսափելի վիճակ գոյություն չունի: Հիմա ոչ միայն այգեշատցիներն են պահանջում վարկերի սառեցում, այլեւ մյուս գյուղերի բնակիչները»:
Հայկավանի համայնքապետ Մամիկոն Գեւորգյանը նույնպես փաստեց, որ գյուղացիների մոտ «սպասողական վիճակ է»: Այս համայնքում նրանք արդեն վերջացրել են «ցուցակագրել» կարկուտի հասցրած վնասի չափերը. «Հաշվել ենք ու պարզել, որ մեր գյուղին նույնպես 100 տոկոսի վնաս է տվել, առանց բացառության: Ներկայացրել ենք մարզպետարանին, դեռ արձագանք չկա: Սպասում ենք: Անցնում եմ գյուղի միջով, մարդիկ տեսնելուն պես ձեռքով են անում, թե ինչ նորություն կա, ինչ անենք, ես էլ դե ասում եմ՝ սպասե՛ք: Ի՞նչ կարող եմ անել, ոչ մի բան»:
Մրգաշատ համայնքում դեռ չի ավարտվել կարկուտի պատճառած իրական վնասի չափերի ուսումնասիրությունը: Համայնքապետ Գեւորգ Դանիելյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Մեր գյուղացիները երկրի վիճակը գիտեն, սպասում են, տեսնեն՝ ինչ կանեն: Աղջի՛կ ջան, մենք ուժեղ ենք: Բա որ լացենք, ո՞վ կօգնի մեզ»:
Նույն պատկերն է նաեւ Ալաշկերտ համայնքում: Այստեղ նույնպես դեռ չեն ավարտվել վնասի չափի ուսումնասիրությունները:
Իսկ Արմավիր համայնքում գյուղացիները շվարած են ու ձեռնունայն, չգիտեն, թե ինչ անեն: «Մեր գյուղում մարդիկ կան, որոնք իրենց ողջ ունեցածը դրել են հողի վրա. ահա տեսնո՞ւմ եք արդյունքը: Գյուղի 90 տոկոսը վարկային պարտավորություններ ունի կատարելու, այն էլ ոչ թե մեկ բանկից է օգտվել, այլ մի քանի վարկային կազմակերպություններից: Հատուկենտ մարդիկ կան, որոնք չունեն նման պարտքեր: Բայց դե ի՞նչ արած, հույս ունենք, որ գոնե այս անգամ կառավարությունը գյուղացու կողքին կկանգնի»,-ներկայացրեց Արմավիրի համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանը:  
Հավելենք, որ ստեղծվել է «Աջակցություն արմավիրցիներին» նախաձեռնող խումբ, որի ղեկավար Նարե Գրիգորյանը երեկ՝ լրագրողների հետ հանդիպմանը, ասաց, որ այսօր իրենք նախատեսում են գնալ Արմավիր գյուղ ու հողագործական աշխատանքներով օգնել գյուղացիներին: «Կրակը դեռ «Սպայկա»-ում՝ վարչապետն ասում է՝ «մենք կօգնենք»: Ո՞ւմ հաշվին կօգնեք, որովհետեւ ձերն է, դրա՞ համար կօգնեք, իսկ գյուղացիներին այդպես էլ օգնության ոչ մի ռեալ առաջարկ չարվեց»,-նկատեց Նարե Գրիգորյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս