2011թ. նոյեմբերին՝ Լուսինե Զաքարյանի բնակարանի հերթական հեղեղման ժամանակ, վնասվել կամ ոչնչացվել էր երգչուհու երկրային մասունքների մեծ մասը:
Դրան ժամանակին անդրադարձան գրեթե բոլոր լրատվամիջոցները, իսկ մի խումբ արվեստասերներ ստորագրահավաքով ու հոդվածներով դիմեցին համայն հայությանը՝ խնդրելով տեր կանգնել Լուսինեի ժառանգությանը: Սակայն հարցը լուծում չի ստանում, որովհետեւ բնակարանն ունի սփյուռքաբնակ սեփականատեր, որը, ինչպես ցույց են տալիս զարգացումները, շահագրգռված չէ զբաղվել այդ խնդրով: Իսկ ՀՀ մշակույթի նախարարությունն էլ իր հայտարարություններում իրավունքի ոտնահարում է համարում Խորեն Պալյանի (Լուսինե Զաքարյանի ամուսնու) ժառանգին՝ Րաֆֆի Պալյանին, վերոհիշյալ խնդրին հստակ, որոշակի մոտեցում ցուցաբերելու հարցով միջնորդությամբ դիմելը: Իհարկե, որտեղ աշխատանք, ջանքեր, ժամանակ, գուցե ծախսեր են պահանջվում, մշակույթի նախարարությունը լռում է կամ հարցը տեղափոխում իրավական դաշտ: Բայց եթե, ասենք, պետական բյուջեի միջոցների հաշվին ինչ-որ արտասահմանյան այց է նախատեսվում, մեր հարգարժան կենսաբան մշակույթի նախարարը հաստատ երկար-բարակ չի մտածում:
Դառնալով խնդրո առարկային, նշենք, որ այսօրվա տեխնիկական հնարավորությունների պայմաններում կարելի է գտնել բնակարանի սեփականատիրոջն ու պայմանավորվածություն ձեռք բերել հետագա, ընդ որում, արագ քայլերի վերաբերյալ: Արագ, որովհետեւ, ըստ արվեստասերների, արդեն թալանել են երգչուհու զարդեղենը, հազվագյուտ ձայնագրություններն ու տեսագրությունները:
Այս դեպքում իրենց ասելիքը պարտավոր են ունենալ նաեւ մեծահարուստները, որոնք կարող են գնել բնակարանն ու հանձնել մշակույթի նախարարությանը, որն էլ այն կդարձնի տուն-թանգարան: Իհարկե, բոլորովին այլ հարթության վրա էր Հովհաննես Թումանյանի՝ Թբիլիսիի տան խնդիրը, սակայն, ինչպես այդ, այնպես էլ Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի տան դեպքում, որոշիչ կլինեն ֆինանսական միջոցները: Գուցե այս դեպքո՞ւմ էլ դիմեն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
ԳՈՒՑԵ ԴԻՄԵՆ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ՞Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ