ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՆՔ
«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս»-ը ստացավ եզրափակիչ փուլի ուղեգիր: Այսօր՝ մայիսի 18-ին, մենք կրկին ելույթ կունենանք, այս անգամ 12-րդ համարի ներքո: Հիշեցնենք նաեւ, որ առաջին կիսաեզրափակիչը հաղթահարել էին՝ Էստոնիան, Ռուսաստանը, Դանիան, Ուկրաինան, Նիդերլանդները, Լիտվան, Բելառուսը, Մոլդովան, Իռլանդիան եւ Բելգիան, իսկ երկրորդ կիսաեզրափակիչը՝ Հունգարիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան եւ Հունաստանը:
«Դորիանս» խմբի կատարումը հավանել են շատ հայտնիներ, նրանք իրենց ջերմ խոսքերն են շռայլել համացանցում, իսկ ահա խմբի նախկին պրոդյուսեր Վահագն Գեւորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբեք չեմ խոսել, հիմա ուզում եմ ասեմ: Հարգելի նախկին Հ1, ո՞նց կարելի էր չօգտագործել «Դորիանս»-ի եւ Գոռի տաղանդը: Թոնի Այոմին աշխարհահռչակ երաժիշտ ա, բայց դա չի նշանակում, որ կարա Գոռից լավ երգ գրի: Գոռը պիտի իր երգը երգեր եւ հնգյակում ձեր տեղը ապահոված էր: Ինչեւէ…»:  

ԵՐԿՈՒ ՀԱՄԵՐԳ
Հունիսին Երեւանում տեղի կունենա միանգամից երկու շքեղ համերգ: Աշխարհի ամենահայտնի օպերային երգչուհիներից մեկը` Մոնսերատ Կաբալիեն, ելույթ է ունենալու հունիսի 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ: Իսպանացի երգչուհին համարվում է 20-րդ դարի ամենամեծ սոպրանոներից մեկը: Այս տարի նա բոլորել է իր 80-ամյակը: Կաբալիեի առաջիկա այցի մասին հայտնել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Ինչ վերաբերում է տոմսերին, դրանք դեռեւս չեն վաճառվում:
Երկրորդ համերգը, որը տեղի կունենա հունիսի 16-ին, ռուսական հանրահայտ «ДДТ» ռոք խմբինն է: Նրանք համերգով հանդես կգան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսի արժեքը կլինի 5.000-25.000 դրամի սահմաններում: Հիշեցնենք, որ «ДДТ» խումբը հիմնադրվել է 1980 թվականին: Հիմնադիրն ու մեներգիչը Յուրի Շեւչուկն է:




Լրահոս