ՀԱՐՑ. Ես ունեմ ինքնակամ կառույց եւ այդ տարածքն աշխատեցնում եմ որպես գյուղմթերքների վաճառքի կետ: Ուզում եմ իմանալ, թե պատկան մարմինները որ դեպքում կարող են այդ կառույցն օրինական չհամարել եւ մերժել դրա օրինական ճանաչումը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետը նվիրված է ինքնակամ կառույցի օրինական ճանաչումը մերժելու հիմքերին: Նկատի ունենալով, որ այն սպառիչ է, մեջբերում ենք ամբողջապես. «Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները եւ օրինական շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաեւ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով եւ առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք»: Ինքնակամ կառույցի օրինական ճանաչման դիմումի մերժումը պետք է հիմնավորված լինի օրենքի այս պահանջներից որեւէ մեկով կամ մի քանիսով, հակառակ դեպքում մերժումն անօրինական է:
խորհրդատվության ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե Գրիշ Մկրտչյանի շինությունը մինչեւ հիմա չի գրավել պատկան մարմինների ուշադրությունը ու չի քանդվել, կարելի է ենթադրել, որ այն առանձնապես չի խանգարել: Նկատելի է, որ մեր ընթերցողը կառույցն օրինականացնելու ակնհայտ շահագրգռվածություն ունի եւ իր փոքրիկ բիզնեսը զարգացնելու որոշակի ծրագրեր: Նրան մնում է առաջարկել, որ կառույցի լիարժեք օրինականացման եղանակը գտնի: