«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդամենը մեկ շաբաթից պարզ կդառնա՝ արդյոք ՀՀ իշխանությունները կկարողանան ԵԽԽՎ-ում տապալել հակահայկական երկու զեկույցների ընդունումը, թե ոչ: Ինչպես հայտնի է՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված են հակահայկական միանգամից երկու զեկույցներ` «Բռնության աճը ԼՂ եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրերով: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը նախատեսված է հունվարի 25-ից 29-ը:
Հակահայկական զեկույցների քվեարկությունը նախատեսված է հունվարի 26-ին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հակահայկական զեկույցների ընդունումը թույլ չտալու նպատակով դեռեւս անցած տարվա վերջին ՀՀ իշխանությունները ստեղծել են հատուկ աշխատանքային խումբ: Այն ղեկավարում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Բեքարյանը:
Հիշեցնենք, որ վերջինս պատգամավոր է դարձել անցած տարվա սեպտեմբերին: Աշխատանքային խմբի ղեկավարումը նրան հանձնարարելը պայմանավորված է այն փաստով, որ նա տարիներ շարունակ գործունեություն է ծավալել հասարակական սեկտորում, եվրոպական կառույցների հետ շփման հարուստ փորձ ունի, եւ նրա անձը ՀՀ իշխանությունների հետ անմիջական չի ասոցացվում: Ենթադրվում է, որ ի տարբերություն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, նա առավել անկաշկանդ կարող է շփվել ԵԽԽՎ-ում տարբեր երկրների պատվիրակների հետ: «Ժողովուրդ»-ը Բեքարյանից փորձեց մեկնաբանություն ստանալ աշխատանքային խմբի աշխատանքների ընթացքի վերաբերյալ, սակայն հայտարարեց. «Ոչ հիմա, ժամանակ չկա, եւ այդ թեման այսօր ինձ համար քննարկման առարկա չէ: Ամսի 27-ին կարող ենք խոսել»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: