Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոստանտին Օբոլենսկիի հետ:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող դեսպանին` անցնող տարիների ծառայության ու հայ-շվեյցարական կապերի ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար:
Նորին Սրբությունն իր խոսքում կարևորեց երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա սերտացումն ու զարգացումը, ապա անդրադարձավ Շվեյցարիայի հայկական համայնքի ազգային-հոգևոր կյանքին` ի դեմս դեսպանի իր գնահատանքը հայտնելով երկրի իշխանություններին` համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակություն հայտնեց Շվեյցարիայի իշխանությունների կողմից տարածաշրջանում առկա խնդիրների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և դրանց հաղթահարման ուղղությամբ ներդրված քայլերի առիթով:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված տարածաշրջանի երկրների հոգևոր առաջնորդների ջանքերին, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու կողմից ծրագրվող միջոցառումներին: