Վերջին շրջանում բավականին ակտիվացել էին ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն իշխանության մասին լուրերը: Դրանք հատկապես ակտիվացան սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մասին հայտարարությունից հետո:
Մինչ այս դաշնակցական գործիչները հերքում էին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին խոսակցությունները, սակայն այսօր արդեն ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշել է, որ եղել է կոալիցիայի առաջարկություն, որը ՀՅԴ-ն սկզբունքորեն ընդունել է, և այդ հարցի շուրջ երկու օր առաջ բանակցություններ են ունեցել Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն արդեն երկու անգամ կոալիցիոն իշխանության մաս է կազմել` Ռոբերտ Քոչարյանի օրոք 2003թ. եւ Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո` 2008թ.։ Վերջինից ՀՅԴ-ն դուրս եկավ` պատճառաբանելով, թե դեմ են Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանը:
Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն յոթկետանոց պահանջ էր ներկայացրել իշխանություններին: Նրանք մշտապես հայտարարում էին, որ Դաշնակցությունը պատրաստ է մտնել նոր կառավարության կազմ, եթե Սերժ Սարգսյանն ընդունի նրանց` 7 կետից բաղկացած առաջարկները: Իսկ Հրանտ Մարգարյանն էլ հայտարարել էր, որ թեկուզ մեկ կետի չկատարման դեպքում` նրանք ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեն կազմի:
Իսկ որոնք էին այդ յոթ կետերը… ՀՅԴ խմբակցության առաջարկած այս համակարգը ենթադրում էր մինչև 2015թ. նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու նպատակով:
2-րդ կետով առաջարկում են իշխանություններին վերահսկել և հակակշռի նպատակով օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ըննդիմությանը: Հաջորդ կետն առաջարկում է հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը:
ՀՅԴ-ի մեկ այլ առաջարկություն վերաբերում է պետության կազմակերպիչ-կարգավորիչ դերակատարությանը: Մեկ այլ կետով` նրանք պահանջում են հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները: 6-րդ կետն առաջարկում է արտաքին քաղաքականության մեջ որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետականության անկախության, անվտանգության, ինքնուրույնության ապահովումը: 7-րդ կետն առաջարկում է ՀՀ և ԼՂՀ միջև կնքել ռազմաքաղաքական դաշինք:
Թերևս նշված յոթ կետերից դեռևս կատարվել են միայն երկուսը` կառավարման խորհրդարանական մոդելին անցումն ու հայ-թուրքական արձանագրությունների հետկանչումը: Սակայն ՀՅԴ-ն արդեն իսկ չի թաքցնում կոալիցիա կազմելու մտադրության մասին: