ՀԲ-ն 30 մլն դոլարի վարկ է հաստատել ՀՀ-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը մայիսի 23-ին հաստատել է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ներքո 30 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը Հայաստանին: Այս մասին ասվում է բանկի տարածած հաղորդագրությունում: 
Ներդրման հիմնական նպատակը շահագործման ծախսերի կրճատումն է` պոմպային ոռոգման չորս համակարգեր ինքնահոս համակարգերի վերածելու ճանապարհով: Ոռոգման համակարգերի արդիականացման առաջարկվող ծրագրով կֆինանսավորվեն ինքնահոս ոռոգման համակարգերի ձևավորման աշխատանքներ Մեղրիում, Գեղարդալճում, Բաղրամյան-Նորակերտում և Քաղցրաշենում: Ընտրված 13 պոմպային ոռոգման համակարգերի հետ կապված կվերականգնվեն շուրջ 52 կմ երկարությամբ ջրանցքներ, որպեսզի նվազեցվեն պոմպերով մղված բարձր ինքնարժեք ունեցող ոռոգման ջրերի կորուստները: Այս ջրանցքներին ուղղված ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պոմպերով մղված բարձր ինքնարժեք ունեցող 20 միլիոն խորանարդ մետր ջրի խնայողություն: Սա հնարավոր կդառնա հիմնականում ջրի կորուստների նվազեցման միջոցով: Հաշվարկները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր 100 մետր ջրագծի համար կատարված փոփոխությունների արդյունքում վայրկյանում 1.2 լիտր ջրի խնայողոթյուն կապահովվի:
Բացի էլեկտրաէներգիայի խնայողությունից, որը կկազմի 38 միլիոն կվ/ժ-ից մի փոքր ավելի, ինչը կազմում է Հայաստանի ոռոգման համակարգի համար պահանջվող էլեկտրաէներգիայի շուրջ 30 տոկոսը, ծրագիրը նաև թույլ կտա ներկայումս սպասարկվող տարածքների համար բարելավել ջրի առկայությունը: Սա թույլ կտա, որ նախկինում ոռոգվող 2400 հա հողատարածք վերստին դառնա ոռոգելի, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական արտադրանքի ավելացմանը:
Աշխատանքների բարելավումից ու ծառայությունների մատուցման ավելի մեծ հնարավորություններից կշահեն ծրագրի հիմնական շահառուները` ջրային տնտեսության երկու պետական գործակալությունները և ջրօգտագործողների 44 ընկերությունները: Մասնավորապես` իրազեկման աշխատանքները կօգնեն ջրօգտագործողների ընկերությունների գործունեության թափանցիկության մեծացմանը, վերջինիս գործադիր կառույցների կողմից արագ արձագանքի ապահովմանը` մեծացնելով նրանց հնարավորությունները ջրօգտագործողների ընկերությունների անդամների հետ խորհրդակցելու, շփվելու և տեղեկատվություն փոխանակելու հարցում: Ջրօգտագործողների ընկերությունների կարողությունների զարգացումը կհանգեցնի առավել մեծ արդյունավետության ու թափանցիկության ռեսուրսների կառավարման հարցում:
Ծրագիրը կապահովի կարևորագույն տեղեկատվության կուտակում, որը կուղղորդի Կառավարությանը տեղին ու լավ փաստարկված որոշումների ընդունման հարցում: Այս նպատակով ջրի հոսքը վերահսկելու համար հիմնական ջրանցքների ու որոշ բացթողման կետերի 71 դիտակետերում կգործարկվի վերահսկման ու տվյալների գրանցման SCADA համակարգը:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 37.5 միլիոն ԱՄՆ դոլար, որից 7.5 միլոն ԱՄՆ դոլարը հատկացնում է ՀՀ կառավարությունը: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի այս նպատակային ներդրումային վարկը ունի 30 տարի մարման ժամկետ և 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան:
Հայաստանին, որ անդամակցում է Համաշխարհային բանկին 1992թ.-ից և Միջազգային զարգացման ընկերակցությանը 1993թ-ից, տրամադրվել է շուրջ 1.734.600 մլն ԱՄՆ դոլար:




Լրահոս