2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից մեկ տարի է անցել: Գյումրեցիները կատարվածը բացահայտված չեն համարում. նրանց մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնք մինչ օրս պատասխաններ չեն ստացել:
Ինչո՞ւ միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովն ընտրեց Ավետիսյանների տունը, որը ռուսական զորամասից բավականին հեռու է գտնվում: Կամ ինչո՞ւ ռուզ զինծառայողը դեպքի վայրում թողեց իրեն մատնող իրերը՝ այդ թվում՝ զինվորական համազգետը՝ դաջված իր անունով:
Ընտանիքի կարոտին չդիմանալու պատճառով զորամասն ինքնակամ լքած զինծառայողին ի՞նչը դրդեց առանձնակի դաժանությամբ մի ողջ ընտանիքի ոչնչացնել, վեց ամսական փոքրիկին սվին դանակով մի քանի հարված հասցնել…
Հարցերը շատ են, պատասխաններ չկան: Իսկ լուրերը, թե դեպքից հետո վերաբերմունքը փոխվել է ռուս զինծառայողի նկատմամբ, ArmLur.am-ի հարցումները գյումրեցիների շրջանում հակառակն ապացուցեցին: Մեր բոլոր հարցվողներն, առանց բացառության, կատարվածը անձնային են համարում. «Սա մի հոգու ձեռքի գործն է, մյուսները մեղավոր չեն»,- ասում են գյումրեցիները՝ հավելելով, որ զինվորը զինվոր է. լինի հայ, թե ռուս:
Եթե ոճրագործն իրապես Վալերի Պերմյակովն է, ապա դատարանի կայացրած ոչ մի վճիռ նրա մեղքը չի թեթևացնի. գյումրեցիները համոզված են, որ արդար է միայն Աստծո դատաստանը:
Լիաննա Խաչատրյան, Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան