
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամներն այսօր պարապմունք են անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկի օդանավակայանում։
Օդադեսանտային փրկարարական ջոկատի 19 անդամներ ՊՆ մասնագետների անցկացրած 2-օրյա տեսական դասընթացներից հետո իրականացրել են 2-օրյա վերգետնյա պարապմունքներ, որոնց ընթացքում փրկարարները հատուկ սարքավորումների օգնությամբ սովորել են օդում կառավարել անկարգելը (պարաշյուտ)։
Դասընթացի մասնակիցներից 11-ն արդեն թռիչքի փորձ ունեին, իսկ 8-ն առաջին անգամ էին մասնակցում նման պարապմունքների։
Այսօր վաղ առավոտյան, նախապատրաստական աշխատանքներից և բժշկական ստուգում անցնելուց հետո` փրկարարներն ուղղաթիռով բարձրացել են երկինք և շուրջ 800 մետր բարձրությունից իրականացրել ուսումնական թռիչքներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունների միջև պայմանավորվածության համաձայն` օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամները շարունակելու են պարբերաբար մարզվել ՊՆ մասնագետների հետ և ուսումնական թռիչքներ իրականացնել` մշտական պատրաստվածությունն ապահովելու համար։