Ինչպես հայտնի է, հունվարի 3-ին «Հրեշտակների» գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մի քանի մասնակիցներ բերման էին ենթարկվել Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին՝ Խաչատրյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու և նրա գույքին վնաս հասցնելու կասկածանքով:
Ակցիայի մասնակիցները, սակայն, վստահեցնում են, որ որևէ սպառնալիք չեն հնչեցրել Գեղամ Խաչատրյանի հասցեին: Բերման ենթարկվածների թվում էին Գոհար Սարոյանը, Լուսինե Մինասյանը, Արմո Սաֆարյանը, Գրիգոր և Հակոբ Եղնուկյանները: Լուսինե Մինասյանը Գևորգ Սաֆարյանի կինն է, Արմո Սաֆարյանը` եղբայրը: Բոլորը, բացի Գևորգ Սաֆարյանից, բաց են թողնվել: Եվ արդեն մի քանի օր է՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը բարձրաձայնում է, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կալանավայրում ճնշումներ են գործադրվում, նա անգամ հացադուլի է դիմել:
Երեկ էլ Գևորգ Սաֆարյանն ինքը բաց նամակ հրապարակեց, որում, մասնավորապես, երիտասարդությանը հորդորում է պայքարել և չհնազանդվել անօրինություններին»:
Հարկ ենք համարում նկատել նաև, որ Գ. Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո նրան անվտանգությունը մեծ թվով ոստիկաններ են պահպանում. թե որքան ժամանակ է նման պայմաններում Գեղամ Խաչատրյանն ապրելու՝ փորձեցինք պարզել հենց նրանից: Մեր զրուցակիցը, սակայն, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ. «Ես զերծ կմնամ մեկնաբանելուց: Քրեական գործ է հարուցված, նախաքննություն է ընթանում: Լրատվական ծառայությունից Ձեր հարցերին կպատասխանեն»,- ասաց Գեղամ Խաչատրյանը՝ նույն պատասխանը տալով նաև դիտարկմանը, թե ներկա ակտիվիստները պնդում են, որ նշված օրը Գեղամ Խաչատրյանն է բռնություն կիրառել Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, ոչ թե հակառակը, հետևաբար ակտիվիստը պետք է տուժողի կարգավիճակում լինի:
Մնում է սպասել քննության ավարտին՝ հասկանալու համար՝ ո՞վ է ի վերջո կողմերից տուժողը, ո՞վ՝ ծեծի ենթարկողը: