Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Ժամ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր վերջին հայտարարությանը` կապված ԲՀԿ-ի` ընդդիմություն չլինելու հետ: «Մի քանի առիթներով ասել եմ, որ ես դասական պատկերացումներով քաղաքական գործիչ չեմ: Դա այդպես է, եւ ես չեմ էլ հավակնում այդպիսին դառնալու: Այսօր ուզում եմ ահա այս միտքը զարգացնել. Հայաստանի քաղաքական դաշտն ինքնին որեւէ կերպ չի տեղավորվում դասական պատկերացումների մեջ: Որոշ քաղաքական ուժերի վարած հրապարակային քաղաքականությունն ու ստվերային պայմանավորվածությունները եւ պարտավորություններն այնպիսի հակասության մեջ են, որ քաղաքացին իրավացիորեն խորը հիասթափություն է ապրում քաղաքական բոլոր ուժերից եւ չի վստահում նրանց: Դասական ձեւակերպումներով շատ դժվար, եթե ոչ՝ անհնար է բնութագրել այսօրվա Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը»,-ասել է Ծառուկյանը:
«Ի՞նչ դասական ձեւակերպում տաս արտագաղթի, աղքատության բարձր ցուցանիշներին, բիզնես եւ ներդրումային մթնոլորտի վատթարացմանը, համատարած հուսալքությանը: Հայաստանն ընդհանրապես դասական տիպի քաղաքական համակարգով երկիր չէ: Մեզ մոտ մեծ է թշնամանքը, անջրպետն ու անվստահությունն իշխանության եւ ընդդիմության միջեւ: Այդ ամենը, բնականաբար, ազդում է նաեւ մարդկային փոխհարաբերությունների վրա, որից չի շահում ո՛չ երկիրը, ո՛չ էլ ժողովուրդը: Ես իմ բնույթով եւ իմ տեսակով պարզ ու անկեղծ մարդ եմ, չունեմ թշնամիներ եւ ուզում եմ՝ գիտակցենք, որ մենք բոլորս գտնվում ենք մեկ նավում եւ ճակատագրով կապված ենք միմյանց»,-նշել է Ծառուկյանը:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին:
-Պարո՛ն Շարմազանով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջին շրջանում հակասական հայտարարություններ է անում: Հիմա էլ ասել է, որ Հայաստանի քաղաքական դաշտն ինքնին որեւէ կերպ չի տեղավորվում դասական պատկերացումների մեջ: Դուք այդ կարծիքի՞ն եք:
-Եթե դասական նկատի ունի, ինչպես դասական ժողովրդավարական երկրներում եւ իդեալական, իհարկե, դասական քաղաքականություն չկա, եւ պարոն Ծառուկյանը նոր բան չի ասել: Ինչպես չկա դասական քաղաքական ուժ, քանի որ չկա դասական քաղաքական մշակույթ: Եվ քաղաքական ուժերը պետք է ձգտեն, որ քաղաքականության մեջ լինեն դասական քաղաքական գործիչներ, ու լինի քաղաքական կուլտուրա:
-Չնայած, որ առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե Գ. Ծառուկյանը որեւէ խնդիր չունի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, ինչի մասին վկայում են նաեւ նրանց պարբերաբար հանդիպումները, բայց այս անգամ եւս Ծառուկյանը հանդես է եկել իշխանությունների քննադատությամբ:
-Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղեք պարոն Ծառուկյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ես տեղյակ չեմ: Իրե՛նց հարցրեք, թե իրենց ուզածն ինչ է, ես ի՞նչ իմանամ, թե իրենք ինչ են ուզում:
-Գ. Ծառուկյանը նշել է նաեւ, որ ԲՀԿ-ն այլեւս կառավարության մեջ չէ, հետեւաբար պատասխանատվություն չի կրում կառավարության գործունեության համար…
-Եթե այդպես է, ուրեմն ավելի ազնիվ կլիներ, որ հրաժարական տային ոչ միայն ԲՀԿ-ական մարզպետերը, նախարարներն ու փոխնախարարները, այլեւ այն մարդիկ, որոնք շարունակում են աշխատել պետական կառույցներում եւ ներկայացնում են ԲՀԿ-ն: Նրանք պատասխանատո՞ւ են իրենց արարքների համար, իրենց գործունեության համար, թե՞ ոչ: Ես Ձեզ հարց եմ տալիս կամ էլ, եթե ցանկանում եք, այդ հարցերն ուղղե՛ք իրենց:
-Ըստ ԲՀԿ առաջնորդի` այն պահից, երբ ԲՀԿ-ն հրաժարվել է մաս կազմել կառավարող կոալիցիային, նա «զրոյական հետաքրքրություն» ունի, թե ով ինչի նախարար է: Բայց նա շարունակելու է կառուցել մարզական դպրոցներ, օգնել մեր տաղանդավոր մարզիկներին եւ մարզիչներին, քանի որ, ըստ Ծառուկյանի, սպորտի նախարարություն Հայաստանին այնքան էլ պետք չէ: Եվ ոչ միայն:
-Դա ինքն իր կարծիքն է ասել, ես ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ սպորտի նախարարությունը շատ է պետք Հայաստանին, ինչպես նաեւ այլ նախարարությունները: Պետք է ամեն ինչ անենք, որ թե՛ սպորտի նախարարության աշխատանքները բարելավվեն, թե՛ մյուս նախարարություններինը:
-Չնայած այս ամենին` ԲՀԿ-ն կրկին հայտարարում է, որ չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել:
-Ես ցանկությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ քաղաքական պրոցեսները: Քաղաքական կուսակցությունն է որոշում` ինչպիսի կեցվածք ունենա՝ ընդդիմություն, իշխանություն, թե այլընտրանք: Դա իրենց որոշելու խնդիրն է, մենք ավելի կարեւոր հարցեր ունենք քննարկելու:
ԲՀԿ-Ն Ո՛Չ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, Ո՛Չ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ