Իշխող ՀՀԿ-ն երեկ դեմ քվեարկեց մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախաձեռնությանը՝ այդպես դեմ արտահայտվելով մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանն ու 10 սպանությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն:
Ընդ որում, ՀՀԿ-ն երեկ մերժեց ՀԱԿ նախագիծն այն դեպքում, երբ ընդամենը 2012թ. դեկտեմբերի 3-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հերթին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն իր հերթին ԱԺ նիստում խոստացել էին կողմ քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը, բայց պայմանով, որ ընդդիմությունն այն ներկայացնի նախագահական ընտրություններից հետո: ՀԱԿ-ը պահեց իր խոստումը. ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացրեց ընտրություններից հետո, հանձնաժողովի անդամները միաձայն հավանության արժանացրին այս նախագիծը: Բայց հետո՝ ԱԺ լիագումար նիստում, ըստ էության, ՀՀԿ-ն դրժեց խոստումը: Պատճառն այն էր, որ նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀԿ ներկայացրած 7 առաջարկներից 6-ն ընդունել էր առանց վերապահումների, իսկ ստեղծվելիք հանձնաժողով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հրավիրելու եւ հարցաքննելու դրույթը հանելու ՀՀԿ առաջարկին չէր համաձայնել: Արդյունքում՝ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը կողմ քվեարկեց 49, դեմ՝ 59 եւ ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Ու սա այն դեպքում, երբ քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իշխող մեծամասնությանը հիշեցրեց հինգ ամիս առաջ տված խոստումն ու նշեց. «Այս քվեարկությունն իրականում լինելու է քվեարկություն, որը ցույց է տալու, թե ով է պատասխանատու մարտի 1-ի սպանդի համար»:
Երեկվա քվեարկությունն ուշագրավ էր մի քանի առումով: Նախագծին կողմ քվեարկեցին ԱԺ 6 խմբակցություններից 4-ը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, նաեւ՝ ՀՀԿ-ական Կարեն Սարիբեկյանը: Ընդ որում, այս քվեարկությանը մասնակցեց նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը երկարատեւ բացակայությունից հետո երեկ եկել էր խորհրդարան, եւ ԱԺ դահլիճը լքեց ընդդիմության նախագծին կողմ քվեարկելուց հետո:
Հետաքրքիր էր այն, որ անգամ ՕԵԿ-ից այս նախագծին դեմ քվեարկեցին 2 հոգի՝ Կարեն Բոթոյանն ու Խաչիկ Հարությունյանը, իսկ մյուս ՕԵԿ-ականները չմասնակցեցին քվեարկությանը: ՀՀԿ խմբակցության քվեարկությունը եւս ուշագրավ էր. նիստին ներկա ոչ բոլոր ՀՀԿ-ականները դեմ քվեարկեցին. Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, գեներալ Մանվել Գրիգորյանը, Մանվել Բադեյանը, Արմեն Մխիթարյանն ու Մուրադ Մուրադյանը պարզապես չմասնակցեցին այդ քվեարկությանը, ասել է թե՝ ի տարբերություն մյուս ՀՀԿ-ականների՝ իրենք դեմ չարտահայտվեցին մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը:
Միակ ձեռնպահ քվեարկողն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր: Նրա պահվածքը հասկանալի էր. դեռ դեկտեմբերին Արգամիչն անձամբ հրապարակային կերպով խոստացել էր՝ եթե ՀԱԿ-ը պահպանի պայմանավորվածությունն ու նախագիծը ներկայացնի նախագահական ընտրություններից հետո, «այդ հարցը դրական լուծում կստանա»: Հիմա, փաստորեն, ՀԱԿ նախագծին դեմ քվեարկելով՝ ՀՀԿ-ն «քցեց» ոչ միայն ընդդիմությանը, այլեւ անձամբ Արգամիչին՝ գետնով տալով նրա խոսքը: Ստացվում է, որ Հայաստանում ԱԺ նախագահի, այսինքն՝ Սահմանադրությամբ երկրի երկրորդ դեմքի հավաստիացումներն ու խոստումները գրոշի արժեք չունեն: Սա ՀՀԿ-ի համար, մեղմ ասած, խայտառակություն է, իսկ Արգամիչի համար՝ ամոթ:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼԻ ԽԱԲԵՑ ՀԱԿ-ԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ