Երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ կտրամադրվի միայն անկանխիկ եղանակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը:

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշմամբ սահմանված է  երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, նպաստ նշանակելու և վճարելու կարգը, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը, լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` երեխայի ծննդյան միանվագ նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը և լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող` երեխայի ծննդյան միանվագ նպաստը կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը:

Համաձայն գործող օրենսդրության՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանված է՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 50 000 դրամ, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1 000 000 դրամ,  հինգերորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1 500 000 դրամ:

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում նպաստի գումարն ամբողջությամբ ուղղակի վճարվում է ծնողին, իսկ երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը ուղղակի վճարվում է ծնողին, իսկ մի մասը՝ փոխանցվում է նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին (պետական աջակցության հաշիվ)՝ որպես Ընտանեկան դրամագլուխ:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով` շահառուի ընտրությամբ: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը կանխիկ եղանակով վճարելու համար սահմանված է միջնարդավճար՝ շահառուին տրամադրված նպաստի գումարի մեկ տոկոսի չափով:

Ըստ այդմ, ՀՀ պետական բյուջեով Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կանխիկ եղանակով վճարելու համար նախատեսված է շուրջ 40 մլն. դրամ: Կառավարությունն առաջարկում է այսուհետ այդ գումարները վճարել անկանխիկ եղանակով:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

  • Երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով,
  • Ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը:

Ընդ որում, Ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում է մինչև 2016 թվականի դկտեմբերի 31-ը:

Իրավական ակտի կիրառման արդյունքում շուրջ 13500 ընտանիք իրավունք կստանա 2016 թվականի ընթացքում տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ ամսական 25 000 դրամի չափով:

Միաժամանակ, կբացառվեն նշված գումարները շահառուին տրամադրելու փոխհարաբերություններում կոռուպցիոն ռիսկերը և կխնայվեն ՀՀ պետական բյուջեով երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու համար հատկացված միջոցները՝ շուրջ 40 մլն. դրամ:




Լրահոս