Ըստ կալանավորի հաղորդման` ոստիկանը կեղծիք է կատարել, իսկ քննիչն իր անունից ցուցմունք է արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Ղ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է հատուկ ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Արթուր Ղ.-ն հայտնել է, որ 2014 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 00:00-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում, գողություն կատարելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնի մի քանի ծառայողների կողմից ինքը բերման է ենթարկվել ոստիկանության հիշյալ բաժին, որտեղ ոստիկանության ծառայողն առանց փաստաթուղթ կազմելու վերցրել է իր բջջային հեռախոսը և մինչև երեկոյան ժամը 22:00-ի սահմանները պահել աշխատասենյակում:

Այնուհետև նույն ծառայողն իրեն ներկայացրել է քննչական բաժին, որտեղ բնակարանից գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է քննիչի կողմից:

Բացի այդ, ինքը ծանոթանալով քրեական գործում առկա փաստաթղթերին, պարզել է, որ օպերլիազորը կազմել է իրականությանը չհամապատասխանող արձանագրություններ, թե վերջինս, իբր, իրեն ոստիկանության բաժին բերման է ենթարկել ժամը 19:30-ին, կատարել անձնական խուզարկություն և վերցրել բջջային հեռախոսը:

Արթուր Ղ.-ն հայտնել է նաև, որ ինչպես հիշատակված արձանագրություններում, այնպես էլ քրեական գործում առկա իր վերաբերյալ կազմված փաստաթղթերի տակ չի ստորագրել, քննիչի մոտ ցուցմունք չի տվել:

Արթուր Ղ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն




Լրահոս