ԹՈՒՔՈՒՄՈՒՐԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սկսվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի «չարչարանաց շաբաթը». երեկ ԱԺ-ում մեկնարկեց նոր ձեւավորված հին կառավարության ծրագրի քննարկումը: Իսկ դա նշանակում է, որ  ԱԺ չորս խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, սկսելու են դաժան քննադատության ենթարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարության ծրագիրը: Առավել եւս, երբ դրա առիթն էլ կա. վարչապետն իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում ոչ միայն չի կատարել իր ծրագիրը, այլեւ լրջագույն ձախողումներ է գրանցել:
Հարկ է նկատել, որ Տիգրան Սարգսյանի կառավարության ներկայացրած ծրագիրն առանձնապես չի տարբերվում նախկիններից. նույն բարի ցանկությունների եւ գեղեցիկ խոստումների էջանոց շարանն է՝ ամփոփված 63 էջում՝ ապահովել տնտեսական աճ, կենսաթոշակի ավելացում, համայնքներում առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում, բարձր աշխատավարձերով աշխատատեղերի ստեղծում, պարապուրդի մատնված ձեռնարկությունների վերագործարկում եւ այլն, եւ այլն: Իհարկե, այլ կերպ չէր էլ կարող լինել. անգամ խելագարի մտքով հազիվ թե անցնի ԱԺ ներկայացնել մի ծրագիր, որտեղ, օրինակ, աղքատությունը հաղթահարելու փոխարեն կառավարությունը խոստանա խորացնել այն, կամ տնտեսական աճի փոխարեն՝ քայքայել ու ոչնչացնել տնտեսությունը, նպաստել արտագաղթին ու վերջապես՝ երկրի կործանմանը: Այնպես որ, բնական է, երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ժողովրդին «ոսկե սարեր» է խոստանում: Բայց այլ հարց, թե որքանով է Տ. Սարգսյանի կառավարությունն ի վիճակի իրականացնել իր իսկ տված խոստումները: Մանավանդ որ նույն կառավարությունն անցած հինգ տարում չի իրականացրել իր նախորդ ծրագրերի դրույթները:
Հինգ տարի առաջ կառավարությունը խոստանում էր. «ՀՆԱ տարեկան 8-10 տոկոս իրական աճ, ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ, աղքատության էական հաղթահարում` արդյունքում ապահովելով 11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության եւ 1,6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ»: Սա դեռ ամենը չէ. կառավարությունը 2008թ. խոստանում էր. «Գյումրի քաղաքը, պահպանելով իր ավանդական մշակութային նկարագիրը, կվերածվի ժամանակակից գիտելիքային եւ նորամուծական ենթակառուցվածքներ ունեցող կենտրոնի, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող ձեռնարկությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները»: Կառավարությունը նաեւ խոստանում էր իր գործունեության ընթացքում ուշադրության կենտրոնում պահել սոցիալապես խոցելի խավերի, այդ թվում՝ ազատամարտիկների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության խնդիրները: Նաեւ նշված էր. «Կառավարությունն էապես կբարելավի սննդամթերքի անվտանգության  ապահովումը` հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը»: Այս ամենից բացի՝ կառավարությունը նաեւ խոստանում էր. «Իրականացնել ժողովրդագրական ակտիվ քաղաքականություն, որպես ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ՝ ընտանիքը համարելով պետական ժողովրդագրական քաղաքականության հիմնական սուբյեկտ: Այս քաղաքականությունն ուղղված է լինելու ընտանիքի ամրապնդմանը, ծնելիության մակարդակի աճին, մայրության եւ մանկության պաշտպանությանը, կյանքի տեւողության ավելացմանը, մահացության մակարդակի նվազեցմանը, արտագաղթի կասեցմանն ու ներգաղթի խրախուսմանը»:
Ի՞նչ ունենք այսօր. անգամ պաշտոնական վիճակագրությամբ աղքատության աճ՝ մոտ 35 տոկոսի չափով, ներդրումների ծավալների նվազում՝ միայն նախորդ տարի 27,5 տոկոսի չափով, արտագաղթի աճ՝ 5 տարվա մեջ մոտ 180 հազար մարդ, ծնելիության թվի հետեւողական նվազում: Ավելին, Գյումրին այդպես էլ չի դարձել գիտելիքային եւ նորամուծական ենթակառուցվածքներ ունեցող կենտրոն, եւ այնտեղ ներկայացված չեն ո՛չ գիտահետազոտական կենտրոններ, ո՛չ բարձր տեխնոլոգիաներ կիրառող ձեռնարկություններ: Ազատամարտիկների սոցիալական պայմանները եւ վերջին օրերին նրանց կողմից պարբերաբար անցկացվող բողոքի ակցիաները լավագույնս ապացուցում են, թե ինչպես է կառավարությունն իր ուշադրության կենտրոնում պահել այդ խնդիրը, ավելի ճիշտ՝ մատնել անտարբերության ու թշվառության: Իսկ սննդամթերքի անվտանգության ապահովումը դարձել է անհաս երազ, երբ պարբերաբար բացահայտվում են վտանգավոր նյութերի առկայություն տարբեր սննդամթերքների մեջ:
Եվ ի՞նչ եք կարծում, կառավարությունը, որի օրոք գրանցվել են այս բոլոր բացասական ցուցանիշները, արդյոք կարող է այսքանից հետո 2013-2017թթ. ապահովել Հայաստանում մարդկային կապիտալի զարգացում, ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչեւ 1,8-ի, կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ առնվազն 125 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում եւ այլն, եւ այլն:
Հազիվ թե, որովհետեւ դրա համար անհրաժեշտ են ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն եւ այդ իշխանության մոտ քաղաքական կամք, այսինքն՝ հենց այն, ինչը բացակայում է Հայաստանում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս