«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարություն է տարածել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի մասնակի ապամոնտաժման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
«Զվարթնոց» օդանավակայանի հին (պետական) համալիրը ըստ գործառութային նշանակության չօգտագործելը, փոփոխման ենթարկելը եւ նրա օղակաձև էստակադան ապամոնտաժելը արդյունք է մեր երկրում վարվող ապազգային եւ հակապետական քաղաքականության։ Այդ քաղաքականության հետեւանքով արտաքին աշխարհի հետ սահմանափակ կապ ունեցող Հայաստանի քաղաքացիները արդեն 14 տարի ստիպված են իրենց գրպանից հավելյալ գումարներ վճարել ավիափոխադրումների համար։
ՀՀ կառավարության եւ օֆշորային ընկերության միջեւ 2001թ․կնքված՝ պետության շահի տեսակետից կասկածելի գործարքի հետեւանքով վերջին տարիներին օդային փոխադրումների ոլորտում մատուցված ծառայություններից ստացված դրամական հոսքերի գերակշիռ մասն ուղղվեց նոր համալիրի կառուցմանը, որը մասնավոր սեփականություն է։ Որպես արդյունք՝ իրար հետեւից սնանկացան ազգային փոխադրող ընկերություններ, իսկ Հայրենիքում աշխատանքը կորցրած հայ օդաչուները ստիպված եղան իրենց կյանքը վտանգելով չնչին վարձատրության դիմաց աշխատել հնամաշ ավիապարկերով արտասահմանյան ցածրակարգ փոխադրողների մոտ։
Այդ գործարքը կնքելու առաջին իսկ օրվանից օդանավակայանի մասնավոր կոնցեսիոներն իր առաջ նպատակ էր դրել վերացնել իրեն անվճար օգտագործման պայմանով տրամադրված պետական սեփականությունը՝ միջազգայնորեն ճանաչված խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ և Հայաստանի խորհրդանիշ «Զվարթնոց» օդանավակայանը։ Օդանավակայանի պետական համալիրը ոչնչացնելու գլխավոր շարժառիթը օրենքով չնախատեսված եղանակով այդ պետական գույքին տիրանալն է։
Առ այսօր ազգային եւ պետական շահերը ոտնահարող այս ծրագրին հաջողվում էր դիմադրել միայն քաղաքացիական հանրության հետեւողական ջանքերով։ Ահազանգելով «Զվարթնոց» օդանավակայանի պետական համալիրին սպառնացող վտանգի մասին, Հայաստանի հասարակական գործիչներին հաջողվեց ձեռք բերել ինչպես Հայաստանի, այնպես էլ համայն հայության եւ միջազգային հանրային կազմակերպությունների աջակցությունը։ «Զվարթնոց» օդանավակայանի հին (պետական) համալիրը պահպանելու նպատակով վերջին տարիներին ՀՀ կառավարությանը դիմել են՝ ՀՀ նախագահին առընթեր Հանրային Խորհուրդը, Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը, Վիեննայի 19-րդ Ճարտարապետական կոնգրեսը, շինությունների, տեսարժան վայրերի Ժամանակակից շարժման քաղաքաշինական օբյեկտների փաստաթղթավորման եւ պահպանման միջազգային ոչ կառավարական «DOCOMOMO International» կազմակերպությունը։
Հայաստանը սնանկության եզրին հասցրած կոռուպցիոն ռեժիմը 2015թ․ դեկտեմբերին, նախաձեռնելով «Զվարթնոց» օդանավակայանի պետական համալիրի ոչնչացման առաջին փուլը, ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ արհամարհում է ինչպես Հայաստանի հանրության եւ համայն հայության, այնպես է միջազգային հանրության կարծիքը։ Այս երեւույթը վկայում է, որ Հայաստանի քրեական ռեժիմն իր վախճանական փուլում արդեն գերվտանգավոր է դառնում նաեւ համամարդկային արժեքների համար»: