ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՑԱԾՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անասնագլխաքանակի նվազումը հանգեցրել է անասնաբույժների աշխատավարձի իջեցմանը: Առանց այդ էլ այսօր քչերն են ձգտում անասնաբույժի մասնագիտություն ձեռք բերել, իսկ արդեն իսկ այդ մասնագիտությունը ստացածներն էլ հայտնվել են ծանր վիճակում: Քանի որ նրանց վարձատրությունը գոյանում է անասնագլխաքանակից, այժմ այդ աշխատավարձ կոչվածը կազմում է 7 հազար դրամ:
Հիշեցնենք, որ 2012-ի հունվարից ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանրապետության անասնաբույժներին նոր պայմանագիր էր առաջարկել, ինչը, սակայն, նրանք հրաժարվում էին ստորագրել: Համաձայն այդ պայմանագրի՝ ավելանում է նրանց կողմից սպասարկվող գյուղերի քանակը, իսկ ֆիքսված աշխատավարձն էլ փոխարինվում է պայմանագրայինով`  ըստ  կատարած աշխատանքի: Սակայն անասնաբույժները դժգոհում են կառավարության այս կարգից, քանի որ այդ դեպքում նրանք ե՛ւ ֆիքսված աշխատավարձ չեն ստանալու, ե՛ւ սպասարկելու են թվով ավելի շատ գյուղեր: Դժգոհող անասնաբույժների խոսքով՝ ֆիզիկապես անհնար է սպասարկել միանգամից 5-6 գյուղ:
«Մեկ գյուղի անասուններին սպասարկելու համար մենք ստանում ենք մոտ 7 հազար դրամ, որը նվազագույն աշխատավարձից էլ ցածր է: Այդ պատճառով էլ անասնաբույժի աշխատանքը չի համարվում որպես աշխատանքային ստաժ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց մի անասնաբույժ, որը չցանկացավ ներկայանալ:
Բացի աշխատավարձից, անասնաբույժներն ունեն նաեւ մեկ այլ մտահոգություն. նրանց համապատասխան տրանսպորտ եւ դիզվառելիք չեն տրամադրում, որպեսզի կարողանան շրջել գյուղերով եւ պատվաստում կատարել: Այսպիսի անտարբերության դեպքում անասնաբույժները ստիպված են լինում մյուս համայնքներ գնալ միայն կանչի դեպքում, երբ որեւէ մեկի անասունը հիվանդ է:
«Հաստատ մեզանից եւ ոչ ոք շահագրգռված չի լինի գյուղից գյուղ ոտքով գնալ, անասուններին հետեւել եւ պատվաստումներ անել: Խղճուկ աշխատավարձ ենք ստանում: Դրա պատճառով էլ շատերն անասուններին կարգին տիրություն չեն անում, բոլոր մարզերում նույն իրավիճակն է»,-մտահոգվեց անասնաբույժներից մեկը, որը խուսափեց ներկայանալուց: Առայժմ անասնաբույժները խուսափում են իրենց անուններով հանդես գալուց: Առաջիկայում, սակայն,  հնարավոր է՝ նրանք բողոքի ակցիա կազմակերպեն:
Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ աշնանը, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի եւ Արմավիրի մարզերում գրանցվեցին սիբիրախտի դեպքեր, ինչի արդյունքում հայտարարվեց կարանտին: Ավելի քան երկու ամիս մարդիկ չկարողացան միս ուտել, իսկ մսավաճառները՝ միս վաճառել:
«Ինչպես բժիշկն է կարեւոր մարդու կյանքում, այնպես էլ անասնաբույժը՝ անասունի կյանքում: Ավելին, եթե ժամանակին պատվաստումներ, դեղեր չարվեն, ապա անասունները կա՛մ կհիվանդանան, կա՛մ էլ կսատկեն: Շատ դեպքերում գյուղացին է դեղ գնում, եւ ինքն անձամբ է պատվաստում»,-ներկայացրեց մեկ այլ անասնաբույժ:
Խնդրի շուրջ զրուցեցինք ՀՀ ԳՆ անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնի տնօրեն Արմեն Ավագյանի հետ: «Ավել ու պակաս տալը ոչ ոքի քմահաճույքով չէ: Կա սահմանված մեկ միավորի արժեք, կատարած աշխատանքի դիմաց տարբեր անասնաբույժներ տարբեր չափի վարձատրվում են, դա ինչ-որ հաստիքային գումար չէ: Այն կախված է անասնաբույժի կողմից սպասարկվող առկա կենդանիների գլխաքանակից: Եթե կա համայնք, որտեղ 100 գլուխ անասունին պատվաստում է մեկ անասնաբույժ, բնականաբար, նա կարող է ստանալ Ձեր նշած հինգ հազար դրամը: Նշեմ, որ այս տարվա երկրորդ կեսին հավանաբար լրացուցիչ ֆինանսավորում կլինի, եւ կլինեն հաստիքային աշխատավարձով անասնաբույժներ: Այդ հարցով մենք շատ մտահոգված ենք, եւ խնդիրը քննարկման ընթացքում է»,-նշեց Ա. Ավագյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս