ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԱՆԱԿՆ Է ԱՎԵԼԱՆՈՒՄ
Այս տարի մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր»-ին մասնակցեց 88 թանգարան նախորդ տարվա 67-ի փոխարեն: Ակցիային միացել էին Մայր աթոռ սբ. Էջմիածնի թանգարանը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը եւ Արցախի 5 թանգարան:
Իհարկե, լավ է, որ նման միջոցառումներին մասնակից թանգարանների թիվն ավելանում է, սակայն դժվար է հավատալ, թե դա հանրապետությունում թանգարանների վիճակի բարելավման մասին է խոսում. շատ թանգարաններ դեռեւս զուրկ են տարրական պայմաններից:

ՄԻ-ՄԻ ՎԱՐԴ` ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ
Շաբաթ օրն արդեն իններորդ անգամ Երեւանում անցկացվեց Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնը: Այս տարի այն նաեւ Սայաթ-Նովայի 300-ամյակի տոնակատարության մաս էր կազմում:
Ժամը 11-ից Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ արդեն հավաքվել էին նրա երգի, պոեզիայի սիրահարները, հայտնի ու անհայտ աշուղներ, պարզապես մեծ երգահանի արվեստի երկրպագուներ: Ոմանք իրենց` Սայաթ-Նովային նվիրված, ոմանք` Սայաթ-Նովայի ստեղծագործություններն էին արտասանում, երգում երգերը… Ու բոլորը մի-մի վարդ էին դնում նրա հուշարձանին: Քիչ անց յուրահատուկ շքերթով ժամանեցին «Սայաթ-Նովա» մշակութային միության, Հանրային ռադիոյի համանուն պետական անսամբլի անդամները, աշուղ Ջիվանու դպրոցի սաները…  
Երեւանի պետական կոնսերվատորիայի մոտ կայանալիք համերգից առաջ ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը մասնավորապես նշեց, որ եկող տարի Վարդատոնի հիմնադրման հարյուրամյակն է եւ երեւանյան տոնակատարության տասնամյակը. «Ուստի կարելի է ասել, որ այս տարիների ընթացքում ամեն ինչ ասված է Սայաթ-Նովայի կյանքի, ստեղծագործության մասին, եւ դժվար է ինչ-որ նոր բան ավելացնել: Միայն ցանկանում եմ եւս մեկ անգամ երախտագիտությունս հայտնել «Սայաթ-Նովա» մշակութային միությանը, միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին, նրա ղեկավարած հրաշալի համույթին` մեզ նման տոն պարգեւելու համար»: Ապա մի քանի ժամ թեւածեց Սայաթ-Նովայի երգը պրոֆեսիոնալ կատարմամբ:
Հավելենք, որ մայիսի 26-ին Վարդատոնը նշվելու է Թբիլիսիում:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս