Բաքվի ջարդերը համապատասխանում են ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության ձևակերպմանը. ԼՂՀ ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել։

«1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպվել ու իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ քառորդ միլիոն հայությունը ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու տեղահանման, ինչի հետևանքով քաղաքն ամբողջությամբ հայաթափվել է: Թալանի ու բռնագրավման է ենթարկվել Բաքվի հազարավոր հայ բնակիչների անշարժ ու շարժական գույքը: Բռնություններին զոհ է գնացել ավելի քան 400 հայ, որի մասին վկայում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Այդ օրերին Բաքվում տեղի ունեցած բռնությունները 1988թ. փետրվարին Սումգայիթում, իսկ այնուհետև՝ Ադրբեջանի հայաշատ այլ բնակավայրերում չդատապարտված ջարդերի շարունակությունն էին, որոնք իրականացվել են ԽՍՀՄ ղեկավարության իմացության և թողտվության պայմաններում ու Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով տարածվել նաև Լեռնային Ղարաբաղում:

Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն նենգափոխում են «սև հունվարի» էությունը, այլև լռության ու մոռացության են մատնում «երեք ջարդերի մայրաքաղաքի» պատմությունը՝ փորձելով կոծկել Բաքվում 1905թ., 1918թ. և 1990թ. կոտորածների ու ադրբեջանահայության հանդեպ իրականացրած ցեղասպանության քաղաքականության ակնհայտ հետևանքները:

Բաքվի հայության դեմ իրականացված սոսկալի կոտորածը մինչ օրս համարժեք գնահատական չի ստացել: Ավելին, վերջին քսանվեց տարիներին օգտվելով անպատժելիությունից՝ Ադրբեջանի ղեկավարությունը հետևողականորեն իրականացնում է հայատյացության պետական քաղաքականություն, որն ուղեկցվում է զինադադարի պարբերաբար խախտումներով և պատերազմի վերսկսման սպառնալիքներով:

Հարգելով Բաքվի ջարդերին ու բռնատեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը ու դատապարտելով այլատյացության, ծայրահեղականության և ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.

-վերահաստատում է, որ Բաքվի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը,

-պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը հետևողական է լինելու, որպեսզի ադրբեջանահայության ցեղասպանությունը կազմակերպողներն ու իրականացնողները, համաձայն միջազգային նորմերի, ենթարկվեն պատասխանատվության,

-կոչ է անում քաղաքակիրթ աշխարհին և խորհրդարանական կառույցներին՝ դատապարտել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերը, դրանց տալ իրավական գնահատական:




Լրահոս