Ինչ է սպասվում «անկարգ» պատգամավորներին. ովքեր են քվեարկել ուրիշի փոխարեն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Ազգային ժողովի պատգամավորներն օրինագծերի քվեարկության ժամանակ հաճախ քվեարկում են իրենց բացակա գործընկերների փոխարեն: Այդ փաստը հաճախ են ֆիքսել լրատվամիջոցների ներկայացուցիչները, սակայն պատգամավորները մշտապես գտել են արդարանալու կամ մեղքն իրենց վրայից գցելու մեթոդներ:

Այլ անձի փոխարեն քվեարկություն պատգամավորները կատարել են նաև վերջերս, իսկ դա էլ ֆիքսել է Past.am-ի տեսախցիկը: Տեսանյութերից երևում են, թե ինչպես են ՀՀԿ և ԲՀԿ պատգամավորները քվեարկում իրենց կողքին նստող բացակա գործընկերների փոխարեն: Այս հարցով լրագրողն արդեն դիմել է ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, իսկ գործն էլ վարույթ է ընդունվել:

Այսպիսով, կարգազանց պատգամավորներն են ՀՀԿ-ականներ Սպարտակ Մելիքյանը, ով նիստերից մեկի ժամանակ երկու անգամ քվեարկել էր Մուրադ Մուրադյանի փոխարեն: Ընդ որում, ճարպիկ պատգամավորը հասցնում է քվեարկել և Մուրադյանի և իր փոխարեն: Պակաս ճարպկությամբ աչքի չի ընկել նաև Արշակ Մխիթարյանը, ով կարողացել է նիստերի ժամանակ քվեարկել երկու բացակա գործընկերների` Մուրադ Գուլոյանի և Հրանտ Դավթյանի փոխարեն: Այլ պատգամավորի փոխարեն քվեարկողների թվին է դասվում նաև ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը:

Արտահերթ նիստում իր գործընկերոջ փոխարեն քվեարկությամբ աչքի ընկավ նաև Բազմասեր Առաքելյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, ով Ազգային ժողովում իր գործունեության ընթացքում ոչ մի հայտարարությամբ աչքի չի  ընկել, սակայն աչքի է ընկնում այլ պատգամավորի փոխարեն քվեարկությամբ:

Անբաժան պատգամավորներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը միմյանց կարողանում են օգնել նաև քվեարկությունների ժամանակ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Սեյրան Սարոյանը քվեարկում բացակա գեներալի փոխարեն: Ուրիշի փոխարեն քվեարկելու կարողությամբ աչքի է ընկնում նաև Առաքել Մովսիսյանը, ով մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվում իր վարքագծի պատճառով:

Հավելենք, որ ԱԺ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովը վարույթ է ընդունել էթիկայի խախտման մասին դիմումը: ԱԺ «անկարգ» պատգամավորների հարցը կքննվի փետրվարի 1-ին, իսկ հարակից զեկուցող է նշանակվել Թևան Պողոսյանը: Չնայած վաղուց արդեն ապացուցված է, որ հանձնաժողովի որոշումները պատգամավորների վարքագծում ոչինչ չեն փոխում:




Լրահոս