ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է կատարվում սոցփաթեթի հաշվում առկա անկանխիկ գումարի փոխանցումը սահմանված չորս ուղղություններով:

Հովհաննես Բաբայան (33 տարեկան, ծրագրավորող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Փաթեթն աշխատողների համար նախատեսում է պարտադիր առողջության ապահովագրության ծառայություն, որի համար սահմանված ապահովագրավճարը կազմում է 52.000 դրամ: Աշխատողն առաջին հերթին պետք է իր սոցփաթեթի հաշվից փոխանցում իրականացնի առողջության ապահովագրության ծառայության ձեռք բերման համար կամ դրա առաջին մասնաբաժնի վճարման համար, որից հետո կարող է փոխանցումներ իրականացնել այլ ուղղություններով:
Սոցփաթեթի հաշվում առկա գումարի փոխանցման համար աշխատողը բանկ է ներկայացնում գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ՝ տրված սոցփաթեթի ծառայություն մատուցող կազմակերպության կողմից: Այդ փաստաթղթի հիման վրա բանկը համապատասխան գումարը փոխանցում է սոցփաթեթի ծառայություն մատուցող կազմակերպության հաշվին: Աշխատողը կարող է նաեւ սոցփաթեթի ծառայություն մատուցող կազմակերպությանը տալ իր համաձայնությունը՝ բանկ ներկայանալու եւ պահանջագրի հիման վրա իր սոցփաթեթի հաշվից պայմանագրով նախատեսված կամ դրա որոշ մասի չափով գումար անակցեպտ ձեւով գանձում կատարելու եւ այդ կազմակերպության հաշվին փոխանցելու:
Աշխատողը բանկում կարող է հանձնարարագիր ներկայացնել սոցփաթեթի ծառայության դիմաց ամենամսյա վճարում իրականացնելու նպատակով: Օրինակ՝ 66.000 դրամ արժողությամբ սոցփաթեթի ծառայության ձեռք բերման համար վճարում իրականացնելու նպատակով աշխատողը բանկ է ներկայացնում հաշիվ-ապրանքագիր կամ կանխավճարի փոխանցման հաշիվ-տեղեկանք եւ տալիս հանձնարարագիր՝ նշված գումարի 1/12-րդ մասը (5.500 ՀՀ դրամ) ամեն ամիս տվյալ ծառայությունը մատուցող կազմակերպության հաշվին փոխանցելու վերաբերյալ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայացված պատասխանը պարզ է ու հստակ, դրանով իսկ՝ օգտակար սոցփաթեթից օգտվող մեր հայրենակիցներին:




Լրահոս