Վրացական «Կոմերսանտ»-ի տեղեկությունների համաձայն՝ «Airzena» ավիաընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախկին ղեկավար Թամազ Գայաշվիլին և գործադիր տնօրենի նախկին տեղակալ Ռոբերտ Հովհաննիսյանը Հայաստանում նոր ավիաընկերություն են հիմնում, գրում է «Բիզնես Գրուզիա»-ն:
Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը հաստատել է Հայաստանում «Armenia» ավիաընկերության ստեղծման մասին տեղեկությունները:
«Հաստատում եմ, որ ընթանում է նոր ավիաընկերության՝ «Armenia»-ի ստեղծման գործընթացը: Սակայն մանրամասները դեռևս հայտնի չեն, պաշտոնական տեղեկատվություն կտարածվի փետրվարին»,-հայտարարել է Գրձելյանը:
Վերջին շրջանում «Airzena»-ն խնդիրներ ունի վրացական շուկայում: Այսօրվա դրությամբ թռիչքները դեպի Եվրոպա դադարեցվել են: Ավիաընկերությունը հաստատել է այդ տեղեկությունը և հայտարարել, որ որոշումն ընդունվել է ուղևորահոսքի կրճատման պատճառով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան