Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավար Դևիդ Դոուլին, ով ավարտում է իր գործունեությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել պարոն Դոուլի գործունեությունը Հայաստանում: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև իրականացվել և այժմ էլ շարունակվում են մի շարք կարևոր ծրագրեր, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման, Մ6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման, դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել պարոն Դոուլին կատարած աշխատանքի և ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության համար:
Իր հերթին, Դևիդ Դոուլը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին համագործակցության համար և ընդգծել, որ իր պաշտոնավարման տարիների ընթացքում գործադիրի անդամների հետ արդյունավետ աշխատանքի արդյունքում երկկողմ համագործակցության ուղղությամբ արձանագրվել են մեծ ձեռքբերումներ: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության լավագույն օրինակներից է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագիրը, որն այս տարի նոր թափով կշարունակվի:
Դևիդ Դոուլը վստահություն է հայտնել, որ հետագայում ևս Հայաստանի և ԱԶԲ-ի ամուր փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ:
Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանն արդյունավետ համագործակցության համար Դևիդ Դոուլին պարգևատրել է ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով և նրան մաղթել նորանոր հաջողություններ: