«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում նախօրեին գրանցված պայթյունը, պարզվում է, առավել խորը արմատներ կարող է ունենալ: Բանն այն է, որ խանութի տերը՝ Արսեն Արսենյանը, եղել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի նազիր-վեզիրներից, սակայն հիմա զրկվել է նրա հովանավորությունից դավաճանության համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2004 թվականին Ս. Ալեքսանյանի քեռու որդիներ Սամվելը, Ռուդոն, Ձուկ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանը եւ պայթեցված խանութի սեփականատեր Արսեն Արսենյանը Գյումրի-Երեւան ավտոճանապարհին զինված հարձակում են բեմադրել եւ խմբով «մեջ-մեջ արել» Ալեքսանյանին փոխանցվելիք 170 հազար ԱՄՆ դոլար գումարը՝ տարիներ շարունակ լռելով այս մասին:
Բայց երբ անցած տարվանից նրանց միջեւ անհասկացվածություն է առաջացել, Ա. Արսենյանը որոշել է պատմել կատարվածի մասին իր «շեֆ» Սամվել Ալեքսանյանին: Սակայն ներելու փոխարեն Ալեքսանյանը պատժել է խմբի բոլոր 4 անդամներին՝ ներառյալ իր քեռու որդիներին: Եւ հիմա խմբի 4 անդամները միմյանց նկատմամբ խորը թշնամանք ունեն, ու նրանց հետ ամեն պահի կարող է կատարվել ամենաանկանխատեսելին: Ի դեպ, Ա. Արսենյանը, որին մամուլը ազատամարտիկ էր ներկայացրել, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց նկարագրվածը: «Ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ, բայց ազատամարտիկ չեմ, սուտ են գրել»,- ասաց նա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: