«168 ժամ» թերթը գրում է. «Սովորաբար նորմալ երկրներում, նորմալ քաղաքական համակարգերում կոալիցիաներ կազմում են ընտրություններից հետո, կոալիցիոն բանակցություններ վարվում են ընտրությունների արդյունքների հիման վրա։ Սակայն Հայաստանում հակառակն է՝ կոալիցիա են ցանկանում կազմել ընտրություններից մոտ մեկ տարի առաջ… ընտրություններին մասնակցելու, ավելի ճիշտ՝ ընտրություններից դուրս չմնալու համար։ Դա է Դաշնակցության հիմնական մոտիվացիան՝ կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ՝ 2017 թվականին խորհրդարանում հայտնվելու համար։ Առողջ և քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ պետք է լիներ հակառակը՝ մասնակցել և հաղթել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում՝ ապագա կառավարությանը մաս կազմելու համար։ Բայց դա տեղին կլիներ նորմալ քաղաքական ու, ամենակարևորը՝ նորմալ ընտրական համակարգի դեպքում։ Հայաստանում ոչ քաղաքական համակարգն է այդպիսին, ոչ էլ, առավել ևս, ընտրականը։
Ու դեգրադացված քաղաքական համակարգը ծառայում է նույնքան դեգրադացված ընտրական համակարգի պահպանմանը, և՝ հակառակը։ Դրա համար էլ Դաշնակցությունը ցանկանում է հիմա մաս կազմել իշխանությանը, որպեսզի իշխանությանը հնարավորություն տա 2017 թվականի ընտրություններն անցկացնել այնպես, ինչպես 2015 թվականի սահմանադրական հանրաքվեն, որն անցավ ՀՅԴ-ի «բարձր հովանու ներքո»։ Իշխանությանը պետք է կիսել ոչ թե պատասխանատվությունը ՀՅԴ-ի հետ, ինչպես պնդում են շատերը, այլ ՀՅԴ-ին պատասխանատու ու մասնակից դարձնել 2017 թվականի ընտրակեղծարարությանը՝ մի քանի մանդատի դիմաց, բնականաբար։ Խնդիրն այն չէ, որ ՀՅԴ-ականներն իրենց հարյուրքանիամյա փորձառությամբ պետք է ընտրակեղծարարությամբ զբաղվեն կամ ընտրակաշառք բաժանեն։ Ոչ, դա կանեն ՀՀԿ-ականները՝ իրենց համապատասխան «ստորաբաժանումներով»։ ՀՅԴ-ն կապահովի նախընտրական քարոզչությունն ու հետընտրական «լղոզումը», ինչպես բարեհաջող կերպով արեց անցած տարվա հանրաքվեի ընթացքում։ ՀՅԴ-ին մանդատներ են պետք, իսկ իշխանությանը՝ կեղծված ընտրությունների լեգիտիմացում։ Ահա սա է ՀՀԿ–Դաշնակցության բանակցությունների հիմնական առարկան»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։