“Ժողովուրդ” օրաթերթի հյուրը ֆրանսահայ դուդուկահար ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆՆ է: Նա այցելեց մեր խմբագրություն եւ պատվեց մեր անձնակազմին` իր հետ եկած օտարերկրացի դուդուկահարների հետ նվագելով հատուկ մեզ համար: Մարսելում բնակվող հայազգի դուդուկահարը նվագել է ավելի քան 35 ֆիլմերում, այդ թվում եւ` աշխարհահռչակ “Հիսուսի տանջանքները” եւ “Մայրիկ” ֆիլմերում: Ի դեպ, Բեն Լադենի մասին նկարահանած վերջին ֆիլմում նույնպես հնչում է նրա դուդուկը…
-Ծնվել, մեծացել եմ Ֆրանսիայում, բայց Հայաստան հաճախ եմ գալիս: Այս անգամ 15 օրով եմ եկել. համերգ ունինք Անգլիայում, պետք է պարապենք, փորձեր անենք այստեղի դուդուկահարների հետ: Ես եմ եկել, քանի որ հայ դուդուկահարները` Արթուր Քասաբյանը, Արմեն Ղազարյանը, Տիգրան Զաքարյանը, հոս են, հետո միասին պետք է դրսում նվագենք:
-Եթե չեմ սխալվում, Դուք սկզբում կիթառ եք նվագել:
-Երիտասարդ տարիներին կիթառ էի նվագում, բայց օր մը ընտանիքս Երեւան եկավ, ու զարմիկիս համար դուդուկ մը բերած էին: Երբ ես ճամպրուկի մեջ այդ դուդուկը տեսա, ասի մայրիկիս՝ եթե այս դուդուկն ինձի բերեիք, ես ալ կուզենայի փորձել: Մայրիկս էլ թույլ տվեց, որ փորձեմ: Այդպես էլ բոլորովին պատահական սկսեցի նվագել: Սիրեցի դուդուկը: Մինչ այդ դուդուկը լսած էի, առա ձեռքս ու մինչեւ այսօր ձեռքիցս վար չեմ դրել: 45 տարի է` ամեն օր կպարապեմ: Դուդուկը դարձել է իմ ուղեկիցը, ընկերը, շատ մոտիկ բարեկամը: Կիթառ հիմա ձեռքս քիչ կառնեմ: Ընտանիքում, ինձանից բացի, չկային այլ երաժիշտներ, բայց հայրիկս տանը ջութակ կնվագեր, հորեղբայրս` դաշնամուր, քույրս եւ եղբայրս երգչախմբում կերգեին: Ինձ համար անկարելի էր մտածել, որ ես, սիրողական ձեւով նվագելով, կհասնեմ այս մակարդակին:
-Ո՞վ Ձեզ սովորեցրեց դուդուկ նվագել:
-Սկզբում ինքս էի սովորում, բայց երբ Երեւան եկա, Վոլոդյա Հարությունյանին, որ հիմա մահացել է, կճանչնայինք ընտանիքով, մոտեցա իրեն, ասացի, որ 10 տարի է՝ պարապում եմ: Լսավ, ասավ՝ բոլորովին սխալ է, Լեւո՛ն, պետք է սկզբից սկսես փորձել: Մի քիչ հիասթափվեցի՝ այս խոսքերը լսելով, բայց վերադարձա Մարսել ու նորից սկսեցի գործս:
-Ինչպե՞ս ստացվեց, որ նվագեցիք Անրի Վերնոյի “Մայրիկ” ֆիլմում:
-20 տարի դուդուկ էի նվագում, օր մը կոմպոզիտոր Ժան-Կլոդ Պըտին ,Մայրիկե ֆիլմի համար դուդուկահար կփնտրեր, ու երբ ռեժիսոր Անրի Վերնոն իմ ձայնագրությունները տվավ՝ մտիկ ընելու այս կոմպոզիտորին, նա անմիջապես ըսավ, որ ինձ պետք է գտնել: Այդպես էլ նվագեցի “Մայրիկ” կինոյում: Մի քանի տարի առաջ Պիտեր Գաբրիելը լսել էր Վաչե Հովսեփյանի “Հովերն ընկավ”-ը եւ լսել էր, որ Մարսելում դուդուկահար կա` Լեւոն Մինասյան անունով: Երկու տարի Պիտեր Գաբրիելի հետ ամբողջ աշխարհով շրջագայեցի ու նվագեցի հայկական դուդուկը: Վերջին համագործակցությունս Սթինգի հետ էր:
-Դուք հայկական ծիրանափողն եք ներկայացնում, ինչպե՞ս է այն ընկալում օտարերկրացին:
-Կխենթանան, աշխարհի ամենամեծ կոմպոզիտորները, ժողովուրդը, երբ դուդուկը մտիկ կընեն, կհիանան: Մեր դուդուկը աշխարհի սրտին կկպնի:
-Երաժշտությունը լեզու ունի՞:
-Աշխարհի լեզուն է երաժշտությունը, առանց բառի մարդուն կհասկացնես միայն նվագով: Եվ կարծում եմ, որ դուդուկի նվագը հանգստություն է բերում: Նկատում եմ, որ դուդուկի ձայնից մարդիկ խաղաղվում են: Ես այդ գործիքն այնքան կսիրեմ, որ ամեն օր կնվագեմ ու չեմ հաշվի ժամերը: Շատ տարիներ եմ տվել դուդուկին, հիմա էլ ինքն է ինձ պատասխան տալիս: Նվագելիս միայն էմոցիա կտամ:
-Գիտեմ նաեւ, որ Ֆրանսիայում դուդուկի դասեր եք տալիս: Ձեզ հետ մեր խմբագրություն եկած աշակերտները նույնպես ֆրանսիացի են:
-Նրանք դուդուկը մտիկ ըրած են ու կխենթանան, զրույցի վերջում կտեսնաս՝ դուդուկը կառնեն իրենց ձեռքն ու իրենց հարազատ գործիքի պես կնվագին: Այնքան սիրահարված են մեր գործիքին, որ առավոտից մինչ իրիկուն կերազեն դուդուկի մասին:
-Ուրիշ ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Մենք գործ ունեինք Ֆրանսիա, ընտանիքով ոսկերիչ էինք, բայց տիկինս` Սիլվան, անցած տարի մահացավ: 40 տարի ընտանիքով աշխատելուց հետո բոլորը ծախեցինք:
-Ձեր որդին ու դուստրն ինչո՞վ են զբաղվում:
-Ջիվանը հոս է, աղջիկս` Անուշկան, որ դպրոց է սովորում, չկրցավ գալ մեզ հետ, մաթեմատիկայի ուսուցիչ պիտի դառնա: Իսկ Ջիվանը շատ ուժեղ ծրագրավորող է: Անուշկան քանոն կնվագի ինձ հետ բեմերում: Ամեն անգամ, որ համերգ եմ ունենում, ինձ հետ նվագում է:
-Հաճա՞խ եք գալիս Հայաստան, այստեղ հաստատվելու ցանկություն չունե՞ք:
-Պստիկներս Ֆրանսիա են, իրենց ապագան այնտեղ է: Հայաստանը բոլորովին հանգիստ է մեզ համար, աշխատելու տեղ չէ, սահմանները փոքր են: Ես սովոր եմ ակտիվ կյանքին, միայն աշխատանք: Ֆրանսիայում էդպես է, առավոտից մինչ իրիկուն ժողովուրդը կվազի: Իսկ Հայաստանում ամեն ինչն եմ սիրում` քաղաքները, սիրուն աղջիկներին: Կտեսնեմ, որ շատ բան փոքր քայլերով առաջ կերթա:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 544 համար