Արդեն մի քանի օր է՝ երևանցիները բուռն քննադատություններ են հնչեցնում Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող Արամի 30 շենքը քանդելու որոշման դեմ: «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունն, օրինակ, հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում է, թե «Մեր քաղաքի պատմական ժառանգության հանդեպ այս հերթական հանցագործության գլխավոր պատասխանատուները նույն նրանք են, ում հրաժարականը քաղաքացիական հանրույթը բազմիցս է պահանջել ու մինչ օրս էլ պահանջում է՝ Նարեկ Սարգսյան և Տարոն Մարգարյան։ Մշակույթի նախարարի մասին պատմությունը լռում է: Այս տխրահռչակ չինովնիկները չհասկացան, որ Երևանի կենտրոնը փորձադաշտ չէ։ Չհասկացան, որ քաղաքաշինական նախագծերը պետք է համապատասխանեցվեն Երևանի պատմաճարտարապետական հանգույցներին, ոչ թե այդ հանգույցները ոչնչացվեն՝ տարածք բացելով մեկ-երկու հոգու հիվանդագին մտավիժումներից ծնված պրոյեկտների համար»։
Այսպիսով՝ երևանցիների՝ ավելի քան 5 տարի տևած պայքարն արդյունք չտվեց:
Հանրությանը, մասնավորապես, հուզում էր այն հարցը, թե ինչ նպատակներով է շենքն ապամոնտաժվել, արդյոք այն կարող էր վտանգ ներկայացնել:
Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ ՏԿԱԻ նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունից: Գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը ArmLur.am-ին հայտնեց, որ որևէ դիմում որևէ պետական կառույցից կամ քաղաքացուց չի ստացվել՝ շենքի սեյսմակայունության եզրակացություն տալու համար: Ի դեպ, լուրեր էին տարածվել, թե շենքն ապամոնտաժելու որոշումը կայացվել է ՏԿԱԻՆ համապատասխան եզրակացության հիման վրա, անգամ կարծիքներ կային, որ թույլտվությունը ևս այս կառույցից է արձակվել. «Այդ շենքը մեր ծառայությունը չի ուսումնասիրել: Եզրակացություն չենք տվել: Մենք թույլտվություն տալու իրավունք չունենք: Իրավունք կարող է տալ Երևանի քաղաքապետարանը, առանձին դեպքերում՝ Կառավարության համապատասխան որոշումը: Մենք կարող ենք տալ շենքի տեխնիկական վիճակի և սեյսմակայունության վերաբերյալ եզրակացություն»,- պարզաբանեց Հրաչյա Պետրոսյանը:
Վերջինիս խոսքով՝ իրենց տվյալների բազայում ևս Արամի 30 շենքի մասին եզրակացություն չկա. «Մեզ չեն դիմել ուսումնասիրություն անելու համար: Շենքը քանդելուց հետո ՏԿԱԻ նախարարության նշված ստորաբաժանումը որևէ եզրակացություն նախկին վիճակի մասին տալ չի կարող»,- հավելեց մեր զրուցակիցը:
Այսպիսով՝ կարող ենք վստահաբար ասել, որ ապամոնտաժվելուց հետո չենք կարող իմանալ՝ շենքի սեյսմիկ կայունության աստիճանը:
Իսկ ահա Երևանի քաղաքապետարանի՝ շենքը քանդվել է Արամի և Աբովյան փողոցների քննարկվող հատվածների մայթերն ընդլայնելու նպատակով, նշված տեղում շինություն չի նախատեսվում կառուցել: Քաղաքապետարանից հավելում են նաև, որ Կառավարության 2007թ. հունվարի 25-ի 108 N որաշմամբ` Արամի N 30 շենքի հարևանությամբ գտնվող մի շարք այլ շինությունների զբաղեցրած հողամասերը ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ:
Ի դեպ, տարածքը ձեռք է բերել «ԱՎՈ ՖՄՀ» ՍՊԸ-ն, որը Աբովյան, Արամի և Նալբանդյան փողոցների պարփակված տարածքում իրականացնում է բնակելի և առևտրահասարակական շինարարական աշխատանքներ: