«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարություն է տարածել
Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմամբ ստեղծվող իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Աշխարհի հանդեպ Իրանի բացվելով պայմանավորված միանգամայն նոր տարածաշրջանային միջավայրի ձևավորման հեռանկարը և այդ հեռանկարին համապատասխան Իրանի համար կամուրջ և դարպաս դառնալը Հայաստանի արտաքին ռազմավարական ապագայի գերակայությունն է:
Առաջնորդվելով այդ գերակայությամբ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի կազմում գտնվող գործիչները մշտապես կողմ են արտահայտվել Իրանի հետ կապված խնդիրների խաղաղ կարգավորման և միջազգային հանրության հետ նրա փոխշահավետ համագործակցության անհրաժեշտությանը:
Այդ պատճառով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ողջունում է ս.թ. հունվարի 16-ից Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերացումը, ինչը տեղի ունեցավ ի կատարումն Իրանի և Վեցյակի միջև ձեռք բերված համաձայնությունների:
Ցավոք, Հայաստանի Հանրապետության ներկայիս ոչ լեգիտիմ և համակարգային կոռուպցիայի մեջ թաղված վարչախումբն ի վիճակի չէ կյանքի կոչելու այս պատմական հնարավորությունը, ուստի մեր ժողովուրդը պետք է նախ լուծի իր ազգային շահերն արտահայտող կառավարություն ունենալու հարցը, ինչը հնարավոր է միայն վարչախմբին հեռացնելուց հետո:
Իր հերթին՝ միջազգային համայնքը պետք է նկատի ունենա, որ հայաստանյան վարչախումբը չի համապատասխանում առաջիկա արմատական զարգացումներին, ուստի տարածաշրջանում ձևավորվող նոր անվտանգային ճարտարապետության մեջ չի կարող լինել հուսալի և արդյունավետ գործընկեր:
Մինչ այդ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն իր աջակցությունն է հայտնում Իրանի և Վեցյակի միջև սկիզբ առած դարակազմիկ համագործակցությանը և պատրաստ է իր հնարավոր ներդրումն անել դրանում»:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ