Դեռևս նախորդ տարվա օգոստոսին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում դաժան և սահմռկեցուցիչ դեպք էր տեղի ունեցել: ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ 54-ամյա տղամարդը մեղադրվում էր իր տարեց մորը սպանելու, ապա` ավտոտնակում թաղելու մեջ:
Այսպես, օգոստոսի 28-ին՝ ժամը 21-ին, 1963 թ. ծնված Անահիտ Նազարյանը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր տվել, որ մայրը` 80-ամյա Արաքսյա Հարությունյանը, բնակվում էր իր եղբոր` Հայկազ Նազարյանի հետ, և եղբայրը շուրջ մեկ ամիս է՝ թույլ չի տալիս տեսակցել մորը: Աղջիկն օգոստոսի 28-ին կրկին գնացել էր եղբոր տուն, սակայն վերջինս դուռը չի բացել: Քույրը ճարահատյալ զանգահարել էր ոստիկանություն և ոստիկանների միջամտությամբ մտնելով տուն` մորը այնտեղ չէր գտել, իսկ եղբայրը հայտնել էր, որ շուրջ մեկ ամիս է՝ նա հեռացել է տնից, և ինքը մոր գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի:
Հաջորդ օրը Նազարյանների տանը կից ավտոտնակի վերանորոգման փոսում՝ հողում թաղված վիճակում, հայտնաբերվել էր Արաքսյա Հարությունյանի դիակը` բռնության հետքերով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրանքի՝ նախկինում չդատված Հայկազ Նազարյանը մորը սպանել է անմեղսունակության վիճակում: Նա գտնվում է հոգեբուժական կենտրոնում:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի: