Երեկ կեսգիշերին դանակահարության հերթական դեպքն է գրանցվել մայրաքաղաքում: Երևանի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի դիմաց դանակի բազմաթիվ հարվածներ է ստացել համալիրի գանձապահ 24-ամյա Գարեգին Սաթումյանը: Վերջինս տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այստեղից ArmLur.am-ին հայտնեցին, որ Սաթումյանը վիրավորում է ստացել որովայնի, ոտքի, կրծքավանդակի հատվածում: Վիճակը գնահատվել է ծանր կայուն:
Քննչական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկացավ, որ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:
«Արտաշի մոտ» ռեստորանային համալիրից ArmLur.am-ին վստահեցրին, որ դանակահարությունը հերթափոխով աշխատող Գարեգին Սաթումյանի աշխատանքային գործունեության հետ որևէ առնչություն չունի: Աշխատակիցները նշեցին, որ դեպքն աշխատանքային ժամի տեղի չի ունեցել. «Հանգիստ, դաստիարակված տղա է: Նրա հետ կապված խնդիրներ երբևէ չեն եղել»,- ասաց մեր զրուցակիցը: Իսկ թե ինչը կարող էր հանգեցնել դանակահարության, որևէ մեկն աշխատակիցներից վարկածներ այս պահին չունի:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին իրավապահները կասկածյալ ունեն: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան գտնելու ուղղությամբ: