Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ծավալվող գործընթացները վերստին ակտիվացել են: Մայիսի 17-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո՝ նախօրեին, երկօրյա այցով Մոսկվա մեկնած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել, որոնցում առկա են ոչ հայանպաստ նրբերանգներ: Մասնավորապես` նա վերստին հայտարարել է, թե ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է բոլորի համար սակայն բավականին նուրբ շեշտադրմամբ. «Ստատուս քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի չլուծված լինելը, այլեւ Հայաստանի տնտեսական շրջափակումը, այդ պատճառով այստեղ պետք չէ որեւէ մեկին համոզել այդ ստատուսի անընդունելիության հարցում»: Ակնհայտ է, որ Լավրովը մոռացել է հիշատակել ամենակարեւորը` Ղարաբաղի կարգավիճակը, եւ այդ հայտարարությունից այնպիսի տպավորություն է, թե կողմերի բանակցությունների առանցքում այսօր ադրբեջանական տարածքների վերադարձն է, ինչի դիմաց էլ կարող է վերանալ Հայաստանի շրջափակումը: Բնականաբար, այդպիսի մակարդակի դիվանագիտության մեջ պատահական ոչինչ չի ասվում, եւ Լավրովի կողմից 2007թ. Մադրիդյան սկզբունքների եւ 2009թ. դրանց նորացված տարբերակի հիշատակումը նույնպես պատահական չէր: Նա հիշատակեց, որ Հայաստանի համար ընդունելի էր փաստաթղթի առաջին տարբերակը, իսկ Ադրբեջանի համար` վերջինը` այդպիսով, ըստ էության, ակնարկելով, որ ներկայումս գործընթացում ապակառուցողական դիրքորոշումը Հայաստանինն է, որը չի համաձայնում բանակցային սեղանին դրված առավել թարմ փաստաթղթի հետ: Մինչդեռ պաշտոնական Երեւանը երբեւէ չի հայտարարել, որ իր համար ընդունելի չեն Մադրիդյան նորացված սկզբունքները, եւ Լավրովի այս պնդումը բավականին տարօրինակ էր: Այն էլ, նկատենք, արված Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում: Ինչեւէ, այն, որ Ռուսաստանը օգտագործում է հնարավոր բոլոր օղակները` եվրաինտեգրացիայից այդպես էլ չհրաժարվող Հայաստանի նկատմամբ քաղաքական եւ տնտեսական ճնշումները մեծացնելու համար, ակնհայտ է: Մեր երկրի հետ ռազմավարական դաշնակցությունը որեւէ կերպ չի դրսեւորվում ո՛չ գազի գնի, ո՛չ էլ հայ միգրանտների նկատմամբ վարվող քաղաքականությունում: Ավելին, արդեն 2015թ. Ռուսաստանը պատրաստվում է ավելի գործունակ դարձնել միգրանտային մահակը` ոչ միայն վիզա, այլեւ անգամ ամսական 3000 ռուբլի հարկ պահանջելով բոլոր այն երկրների միգրանտներից, որոնք Մաքսային միության անդամ չեն: Սակայն Հայաստանի դեպքում Ռուսաստանի վարած քաղաքականությունը միանգամայն պատճառաբանված է. ի վերջո, ռուսները ինչո՞ւ պետք է հաշվի նստեն մի երկրի հետ, որի ոչ միայն իշխանությունը, այլեւ անգամ ընդդիմությունն է «դաբրոների» համար վազում Մոսկվա:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ