«Արտաշի մոտ» ռեստորանի աշխատակցի դանակահարության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը արդեն հայնել էր, որ երեկ կեսգիշերին դանակահարության հերթական դեպքն է գրանցվել մայրաքաղաքում: Երևանի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի դիմաց դանակի բազմաթիվ հարվածներ է ստացել համալիրի գանձապահ 24-ամյա Գարեգին Սաթումյանը:

2016թ. հունվարի 21-ին՝ ժամը 01.25-ին, Երևանի Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «աջ զստային շրջանի կտրած-ծակած, թափանցող վիրավորում ձախից` բարակ աղու և միջընդերքի վնասումով, վերանրակային շրջանի, կրծքավանդակի և սրունքի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գ.Սաթումյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Սաթումյանը հիշյալ վնասվածքներն ստացել է նույն օրը՝ ժամը 00.40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 31 հասցեի մոտակայքում, դանակահարվելու հետևանքով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք ականատես վկաներ, նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։




Լրահոս