ԿՅԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԹԱՆԿԱՆԱ 4-6%-ՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
-Պարո՛ն Բագրատյան, «Հայռուսգազարդ»-ը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով բարձրացնել գազի սակագինը: Մոտավոր հաշվարկներով՝ «Հայռուսգազարդ»-ը ցանկանում է սակագինը բարձրացնել մոտ 64 տոկոս: Դա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:
-Ավելի վատ կապրենք:
-Եվ որքանո՞վ վատ կապրենք:
-Ընդհանուր առմամբ, եթե «Հայռուսգազարդ»-ի կողմից հայտում նշած սակագները հաստատվեն, ապա կյանքը Հայաստանում կթանկանա նվազագույնը 4-6%-ով (6%-ով այն դեպքում, եթե էլեկտրաէներգիայի գներն էլ բարձրացնեն): Ընդ որում, նույնիսկ եթե կառավարությունը սուբսիդավորի գազի գինը, մակրոմակարդակում, միեւնույն է, 4-6%-անոց անկումն անխուսափելի է: Լավագույն դեպքում կառավարությունը մեկից վերցնելու է, տալու է մեկ ուրիշին: Չէ՞ որ բյուջեն մեկն է:
-Բայց չէ՞ որ վերջերս Սերժ Սարգսյանը խոսում էր աշխատավարձերի բարձրացման մասին: Սա իրավիճակից կարո՞ղ է ելք լինել, թե՞ ոչ:
-Ո՛չ, միանշանակ չի կարող ելք լինել: Գազի գինը վերը նշված չափով բարձրացնելու դեպքում բյուջեի եկամուտները, հնարավոր է, բարձրանան 20-25 մլրդ դրամով: Սա հնարավոր է, բայց քիչ հավանական: Էլաստիկության խնդիր կա: Կարող է՝ գները բարձրացնելուց հետո սպառումն այնքան կրճատվի, որ բյուջեի եկամուտների աճ չլինի:
-Իսկ հնարավո՞ր է կանխել գազի սակագնի բարձրացումը:
-Այո՛:
-Եվ ինչպե՞ս:
-Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ անկախության առաջին իսկ տարիներից ՀՀ առաջին իշխանությունները մտածել են դիվերսիֆիկացնել էներգետիկ ռիսկերը: Իրանական գազամուղի միջոցով ինչ-որ քանակություն դրանով կարելի է բերել եւ հավասարակշռել ռուսական գազի գինը: Չգիտեմ, թե ինչու դա չի արվում:
-Քաղաքական առումով սա ի՞նչ հետեւանք կունենա` արդյոք կդրդի, որ ժողովուրդը ոտքի կանգնի եւ ըմբոստանա, ասել է թե՝ արդյոք սա նոր ալիքի հիմք կարող է դառնալ:
-Չգիտեմ: Ժողովուրդը կարող է եւ ըմբոստանալ: Իսկ ոմանց մոտ կարող է եւ  բարձրանալ ընտրակաշառք վերցնելու պահանջարկը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս