Վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա կառավարության անդամների համար երեկ բավական տխուր օր էր. նրանք մի քանի ժամ շարունակ ստիպված էին նստած մնալ ԱԺ դահլիճում ու լսել, թե իրենց հասցեին ինչ են մտածում ոչ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները:
Իսկ վերջիններս, բնականաբար, Տիգրան Սարգսյանի կառավարության մասին այնքան էլ լավ կարծիքի չեն. նրանք անխնա քննադատության ենթարկեցին կառավարության ծրագիրը: Արդյունքում` վարչապետ Տիգրան Սարգսյանը կա՛մ դեմքի ամենատարբեր արտահայտություններ էր ընդունում, կա՛մ էլ պարբերաբար գլուխն առնում ձեռքերի մեջ: Այլ կերպ, թերեւս, չէր կարող, որովհետեւ պատգամավորներն իրենց ելույթներում լուրջ փաստեր էին ներկայացնում:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն իրեն հատուկ սարկազմով հայտարարեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարության ֆոնին ՀՀ նախորդ բոլոր կառավարություններն արդեն սկսում են լավը թվալ: Ըստ Վ.Հովհաննիսյանի, ԱԺ-ում քննարկվում են ոչ թե կառավարության ծրագրի դետալները, այլ իշխանության որակը: «Իսկ իշխանությունն ասում է, թե ամեն ինչ անելու ենք, որ մնանք իշխանության գլուխ: Միշտ չէ, որ իշխանության գլուխ մնալու համար ռեֆորմներն են օգտակար, բռնի ուժն էլ կա: Միջին դասը ստեղծելը ինքնին ռեֆորմ է: Բայց երբ տեսնում ես, որ այդ միջին դասը գալու է եւ քո դեմ քվեարկի, մտածում ես՝ ավելի լավ է` արտագաղթի: Ինչո՞ւ պետք է փորձեմ կրթել ժողովրդին: Անգրագետ, իր հոգսերի մեջ կաշկանդված մասսային ավելի հեշտ է կառավարել: Այդ դեպքում թաղի խուժանը կգա եւ կպահի իշխանությունը: Ա՛յ սա է, որ կարեւոր է: Պետք է ընտրել` իշխանությունը միջո՞ց է, թե՞ նպատակ: ՀՀԿ մեծ գաղափարախոս Գալուստ Գրիգորիչը իր ելույթներից մեկում ասաց, որ իրենցից լավը չկա: Հավանաբար, կառավարությունն այս բանը լուրջ է ընդունել: Սա գրիգորիչական շուլուխ ա եղել, լուրջ մի՛ ընդունեք»,- հեգնեց Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, թե ԱԺ-ն ոչ թե կառավարության նոր ծրագիր է քննարկում, այլ նախորդ տարվա ծրագրի վերամշակված ու թարմացված տարբերակը: Ավելին, նրա խոսրով՝ սա լավ նախընտրական պլատֆորմ է, որտեղ միայն զգացմունքներ են, այլ ոչ թե բանականություն: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշեց, թե այս ծրագիրը կազմելիս պրոֆեսիոնալ մոտեցում չի ցուցաբերվել, ավելին, ներկայացված են ուռճացված թվեր: Ուստի Բագրատյանը հորդորեց կարգի բերել տնտեսությունը ու իմանալ ճիշտ թվերը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կառավարության ծրագրի մասին իր ելույթը սկսեց Հովհաննես Թումանյանի` 1923-ին Ավետիք Իսահակյանին ուղղված նամակից մեջբերումով. «Խաչագող սրիկանե՛ր, ոչ մեկը պատասխան չտվեց, ոչ մեկն անգամ անձնասպան չեղավ…»: Մանուկյանը հիշեցրեց, որ վստահություն պետք է վաստակել խոստումները կատարելով, այնինչ ներկա կառավարությունն իր խոստումները չի կատարել: Նա նաեւ թվարկեց տարբեր ոլորտներում կառավարության ձախողումներն ու եզրակացրեց. «Կառավարության այս ծրագիրը տանում է կա՛մ ըմբոստացման, կա՛մ արտագաղթի: Երկու ելքն էլ ելք չէ… Ձեզ պատժել է պետք, ոչ թե հավանություն տալ»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կառավարությունը խոսում է ժողովրդի վստահության քվեն ստանալու մասին: «Նայում ես կառավարության կազմին, ո՞վ է նրանցից վստահության քվե ստացել` Հասմիկ Պողոսյա՞նը, Վաչե Գաբրիելյա՞նը: Որեւէ անձնական վերաբերմունք չունեմ: Վաչե Գաբրիելյանը գուցե լավ մարդկային արժեքներ ունի, բայց նա չէ վստահության քվե ստացել: Վստահության քվե ստացել է թաղային խուժանը, նրանք են իրական իշխանության կրողը: Փաստն այն է, որ այս կառավարությունը որոշում կայացնող կառավարություն չէ»,-ասաց Փաշինյանը` հավելելով, թե կառավարության ծրագրի մեջ գրված մեկ նախադասության հետ հնարավոր չէ չհամաձայնել` Դինամիկ զարգացող սփյուռք արտահայտությունը: Ըստ Փաշինյանի` «հայկական իրականության մեջ որեւէ բան այնքան չեք զարգացրել, ինչքան սփյուռքը»:
ԱԺ այսօրվա նիստում շարունակվելու է կառավարության ծրագրի քննարկումը: Մինչ այդ նշենք, որ ԱԺ 6 խմբակցություններից 4-ը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը պատրաստվում են դեմ քվեարկել կառավարության նախագծին:
ՊԱՏԺԵԼ Է ՊԵՏՔ, ՈՉ ԹԵ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ