Տեղեկատվական վեճերի խորհուրդը կարծիք է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը եւ լրագրող Սոնա Գրիգորյանն ընդդեմ Խաչիկ Խաչատրյանի գործի վերաբերյալ:
Ստորեւ ներկայացնում ենք այդ կարծիքը.
1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
2010 թվականի դեկտեմբերի 11-ին «Ժողովուրդ» թերթի խմբագրությունը հրապարակել էր տեղեկություն, համաձայն որի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել էր «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար Խաչիկ Խաչատրյանին՝ ֆաբրիկայի կողմից հայկական շուկայում ժամկետանց հավկիթներ իրացնելու համար: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» թերթի թղթակից հայցվոր Սոնա Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Խաչիկ Խաչատրյանի հետ, որի ընթացքում վերջինս վիրավորել է լրագրողին՝ նրա հասցեին հնչեցնելով անպարկեշտ արտահայտություն:
Լրագրողը եւ թերթի խմբագրությունը հայցադիմումով դիմել են Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Խաչիկ Խաչատրյանի` պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար ներողություն խնդրելու պահանջի հիմքով: Դատաքննության ընթացքում պատասխանողն ընդունել է լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցրած լինելու փաստը, սակայն դատարանից խնդրել է կարճել քաղաքացիական գործը, քանի որ վիճահարույց արտահայտությունը չի ասվել հրապարակայնորեն, այլ մասնավոր հեռախոսազրույցի ընթացքում, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որի հիմքով հայցվորները դիմել էին դատարան, տարածվում էր միայն հրապարակայնորեն հնչեցված խոսքի վրա: Հայցվորները, ի տարբերություն, գտնում էին, որ էական էր այն հանգամանքը, որ վիրավորական արտահայտությունը հնչեցնելու պահին պատասխանողը գիտակցում էր, որ հեռախոսով արտահայտած իր մտքերը հրապարակվելու էին, ինչպես նաեւ, որ ինքը ձգտում էր հրապարակայնություն հաղորդել իր մտքերին: Նշված հանգամանքները, ըստ հայցվորների, հիմք էին երկկողմանի հեռախոսազրույցի ընթացքում հնչեցված խոսքը հրապարակային համարելու համար:
2013թ. ապրիլի 29-ին դատարանը մերժել է հայցն ամբողջությամբ՝ որոշելով, որ հնչած արտահայտությունը չի կատարվել հրապարակայնորեն, մինչդեռ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը կիրառելի է միայն հրապարակային արտահայտությունների նկատմամբ:
2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Վիրավորանքի եւ զրպարտության նորմերի ապաքրեականացումից եւ դրանք քաղաքացիաիրավական հարաբերությունների դաշտ բերելուց ի վեր հնչել են բազմաթիվ կարծիքներ հանրության տարբեր խմբերի կողմից, որ անձի պատիվն ու արժանապատվությունն անհրաժեշտ է պաշտպանել ոչ միայն հրապարակային, այլ նաեւ զրպարտող ու վիրավորական բնույթի ոչ հրապարակային հայտարարություններից, եւ որ այդ իմաստով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը չի տրամադրում իրավական պաշտպանության լիարժեք հնարավորություն:
Այդ մասին իր մտահոգությունն է հայտնել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2011թ. հոկտեմբերի 13-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումի մեջ՝ նշելով, որ նման պայմաններում անձինք զրկվում են իրենց «պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ հրապարակային արատավորելու դեպքերում իրավական պաշտպանության հնարավորությունից»: Ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպանի՝ վերը արտահայտած մտահոգությանը, Սահմանադրական դատարանը ՍԴՈ-997 որոշման մեջ արտահայտել է կարծիք, ըստ որի՝ նշված հանգամանքը «ոչ թե օրենսգրքի տվյալ հոդվածի, այլ ընդհանուր իրավակարգավորման բաց է, եւ այն հաղթահարելու համար ՀՀ Ազգային ժողովն իր իրավազորության շրջանակներում առանձին քննարկման առարկա պետք է դարձնի ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիրը»: Անցել է արդեն տեւական ժամանակ, սակայն Ազգային ժողովը դեռ չի կատարել Սահմանադրական դատարանի որոշումը:
Առկա է օրենքի բաց, որի պայմաններում քաղաքացիները, այդ թվում նաեւ լրագրողները, զրկված են իրավական պաշտպանության հնարավորությունից: Սույն դատական վեճն արդեն երկրորդն է, որի պայմաններում լրագրողը, ունենալով ապացույց իր նկատմամբ վիրավորական բնույթի արտահայտության մասին, զրկված է իրավական պաշտպանության որեւէ հնարավորությունից իր արժանապատվությունը պաշտպանելու համար: Նման իրավիճակն անհանդուրժելի է ժողովրդավարական հասարակությունում:
Մինչդեռ օրենսդրական բացը նույնպես կարող է բարձրացնել հակասահմանադրականության խնդիր: Այդ մասին առկա է Սահմանադրական դատարանի դիրքորոշում, որն իր թիվ ՍԴՈ-914 որոշման մեջ արտահայտել է հետեւյալ կարծիքը. «Օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ… կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը»: Մեզ հայտնի չէ որեւէ իրավական նորմ, որի հիմքով քաղաքացիները կարող են հայցել իրավական պաշտպանություն վիրավորական կամ զրպարտող բնույթի ոչ հրապարակային հայտարարություններից:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ Խորհուրդը.
1. Կոչ է անում Ազգային ժողովին կատարել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշումը եւ իր իրավասության շրջանակներում քննարկման առարկա դարձնել ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիրը:
2. Հաշվի առնելով Ազգային ժողովի անգործությունը՝ ««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ-ի եւ լրագրողի կողմից առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու պարագայում կոչ է անում վերաքննիչ դատարանին կասեցնել գործի վարույթը եւ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «2.1. Պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները» պարագրաֆի սահմանադրականությունը վիճարկելու դիմումով, այնքանով, որքանով չի նախատեսում անձին հասցված ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության միջոց:
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար)՝ Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան՝ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան՝ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան՝ «Արնի Քնսալթ»
փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն